Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդացի այն և անցյալի քաղցր հիշատակները հուզեցին հոգիս։ Այդ հուզմունքը, սակայն, ուրախություն չէր, այլ անդարձ կորուստի կսկիծ և հառաչանք…

Ուղիղ երեք տարի է անցել այն երջանիկ օրից, երբ ես Ն. գյուղում քույր-Աննային ծանոթացա. սակայն այդքան ժամանակի ընթացքում ես դեռ իմ հիշատակարանում նրա անձին վերաբերյալ պատմությունը չավարտեցի։ Տխուր ժամանակը և տխրագույն դեպքերը վաղուց իմ գրիչը դատապարտել էին անգործության, և լռությունն ինձ համար դարձել էր հաճելի հիվանդություն։ Բայց հիվանդությունն, ինչպիսին էլ որ լինի, անբնական կացություն է և վնասակար, մանավանդ, հոգվո առողջության. հետևապես, պետք է ազատվել նրանից, եթե կամենում ենք դեռ ապրել, մտածեցի ես և նորեն ձեռք առի գրիչս։ Ինձ մնում էր ավելացնել իմ հիշատակարանում դարձյալ մի քանի երես և դրանով իմ «խորհրդավոր միանձնուհու» պատմությունը կվերջանար։ Այդ էլ ահա՛ անում եմ այժմ, մտածելով թե՝ իրավունք չունիմ անհայտության մեջ թողնելու հիշատակն այն աննման կույսի, որին յուր առանձնության մեջ ճանաչեցի, որի արդյունավոր գործունեությունը տեսա, որի անզուգական առաքինությամբ հիացա։ Եթե հարյուր ընթերցողից գեթ մեկը ոգևորվի իմ «միանձնուհու» ուխտով, այդ ոգևորությունն իսկ ապարդյուն չի անցնիլ, նա բարիք կարտադրե, իսկ բարվույն ամեն տեղ կդիմավորեն գրկաբաց։

Ն. գյուղից վերադառնալով, ես աշունն ու ձմեռը անցուցի մեր քաղաքում, իսկ 85 թվականի սկզբում արդեն Թիֆլիսումն էի անձնական գործով։ Մինչև այստեղ գալս մի քանի նամակներ ունեի գրած քույր-Աննային և պատասխաններն ստացած, իսկ այստեղ հասնելուց հետո, ավելի ևս հաճախ սկսա գրել, որովհետև 85 թվականի առաջին քառորդը մեզ համար հարուստ ու հետաքրքրական էր ընդհանրական մի խնդրի, այն է կաթողիկոսական ընտրության վերաբերյալ տեղեկություններով։ Եվ որովհետև հայ խմբագրություններից մեկին մոտ էի ես, ուստի կարողանում էի իմ բարեկամուհուն, գրեթե ամեն շաբաթ, նորանոր տեղեկությունները հաղորդել նկատմամբ այն անձի և նրա հետ