Էջ:Muratsan, vol. 2.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարիք է մեզ համար: Այսօրվանից արդեն գործելու նոր եռանդ է վառվում իմ մեջ։ Ես, որ մինչև այսօր «ի փոքուն եղէ հաւատարիմ», այսուհետև պետք է աշխատությունս կրկնապատկեմ, ըստ որում կա մեկը, որ կարող է մեզ «ի վերայ բազմաց կացուցանել»։

«Ողջ եղեք, ազնիվ բարեկամ և ընդունեցեք իմ սրտագին շնորհակալության և անկեղծ հարգանաց հավաստիքը, որով պիտի մնամ միշտ

Ձեր խոնարհ աղախին՝ Աննա Ե…յան»

Այդ օրից հետո անցան երկու հուսալիր ամիսներ։ Ես կրկին նամակներ գրեցի քույր-Աննային, միշտ ուրախ նորություններ հաղորդելով նրան և նույնպիսի պատասխաններ էլ ստացա։ Բայց որովհետև հուլիս և օգոստոս ամիսներում Թիֆլիսից ելած՝ ճանապարհորդում էի, ուստի քույր-Աննային նոր նամակ գրելու առիթ չունեցա։ Երբ ամռան վերջը վերդարձա քաղաք, այստեղ իմացա, որ ամեն բան արդեն փոխվել էր, և մեր հույսերն ու իղձերը իսպառ ոչնչացել… Այդ նորությունը շատ ծանր ազդեցություն արավ վրաս։ Բոլոր առօրյա խնդիրների հետ միասին ես մոռացա նաև քույր-Աննային։ Բայց նա ինքը ինձ չէր մոռացել։ Անգետ լինելով իմ բացակայության, նա կարծել էր թե՝ ես նամակ չեմ գրում իրեն այն պատճառով, որ վաղուց տեղյակ լինելով տխուր նորությանը, սիրտ չեմ անում այդ բանը իրեն հայտնելու։ Ուստի ինքը շտապել էր հետևյալ համառոտ նամակն ինձ ղրկելու.

«Ազնիվ բարեկամ.

Այստեղ հասավ սույն թվականի օգոստոսի 22-ին լույս տեսած «Մեղուն»։ Ձեր լռության պատճառը հասկացա. իրավունք ունիք. լռեցե՛ք…

Ձեր վշտահար քույր-Աննա»։

Եվ ես արդարև լռեցի։ Ի՞նչ գրեի այնուհետև նրան, ի՞նչ նյութի վրա խոսեի. չէ որ մեր մտերմության շունչ ու հոգի տվող խնդիրը մեռել էր և նրան այլևս հարություն տալու հույս չկար…