Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապված խնդրի, որոնք այնքան մոտ ու սիրելի էին յուր սրտին և որոնց մասին մենք գյուղում խոսում էինք շարունակ։ Իմ տված տեղեկությունները, նայելով ժամանակի կուսակցական ոգուն և հանգամանքների փոփոխության, լինում էին երբեմն ուրախ և երբեմն տխուր։ Սակայն մոտալուտ երջանկության մի հույս թևապարում էր մեր շուրջը։ Ամենքս սպասում էինք թե՝ որոշյալ օրն ու ժամին պիտի ավետենք միմյանց «արժանիքի հաղթանակն» ընտրությամբ մի անձի, որի մասին գովությամբ էին խոսում հայոց թերթերը և որի վրա մեծ հույս ու վստահություն ունեին հայրենասերները։ Սպասում էին նրան տեսնել բարձրացած վեհապետական այն գահին, դեպի որն ամեն հայ հառում էր յուր աչքը սիրով ու հավատով, ջերմեռանդ անկնածությամբ և որն յուր մեջ ամփոփում է հազար վեց հարյուր տարվա հայության հոգևոր կյանքի իղձերն ու մխիթարությունները։ Այդ սրբազան պաշտոնին արժանի համարված անձը, քույր-Աննայի անզուգական ուսուցիչը, հայրենավառ Գարեգինն էր, որը վաղուց արդեն եպիսկոպոսական աստիճանին հասած, այժմ արդեն նշանավոր մի թեմի սիրված ու մեծարված առաջնորդն էր։

Եվ ահա, արդարև, նույն տարվա ապրիլին ես կարողացա մի ավետավոր հեռագիր հասցնել քույր-Աննային, որին, մի շաբաթից հետո իբր պատասխան հետևյալ նամակն ստացա.

«Ազնիվ բարեկամ.

«Ձեր հեռագիրը լցրեց իմ սիրտը անսահման բերկրությամբ։ Չգիտեմ ինչպե՞ս արտահայտեմ իմ շնորհակալությունը Ձեզ, որ այդքան սիրելաբար փութացել եք ինձ ուրախացնելու։ Չնայելով Ձեր հավաստիացումներին, ես, այնուամենայնիվ, հույս չէի տածում թե՝ մեր ժամանակակիցները կկարողանան այդպես իմաստաբար գնահատել արժանիքը: Օրհնյալ լինին նրանք, որոնք սուրբ գործի համար միացան ի մի սիրտ և «գործեցին զբարին»։ Եթե ճշմարտությունը հաղթանակում է, ուրեմն նրա զինվորները կարող են պարծենալ և քաջալերվիլ։ Եվ սա կրկնակի