աշակերտները մնում են ձեր հուսով։ Պահեցեք նրանց, պաշտպանեցեք նրանց, խնդրում եմ։ Եմ վարդապետներն ու վարժուհիները դեռ երիտասարդ են և կյանքի մեջ անփորձ, օգնեցեք նրանց, թև ու թիկունք եղեք նրանց գործին և այդ երջանկություն կբերե ձեզ…»։ Մենք խոստացանք ու երդվեցինք հավատարիմ մնալ նրա պատվիրանին։ Նա սրտաշարժ խոսքերով օրհնեց մեզ և մենք արտասվելով դուրս գնացինք նրա մոտից։
— Նրա անկողնի մոտ հսկում էի ես,— խոսել սկսավ այժմ Մանիշակը․— մեռնելուց մի օր առաջ խնդրեց ինձ օգնել իրեն նստել անկողնում և կանչել յուր մոտ Պետրոսին և նորընտիր վարժապետին ու վարժուհուն։— «Իմ սիրելի որդիներս,— ասաց նա մեզ․— ես հեռանում եմ ձեզանից, բայց իմ հոգին թողնում եմ ձեզ հետ, հավատարիմ մնացեք նրան։ Գնացեք շարունակ այն շավղով, որը ես ձեզ համար հարթեցի։ Ձեզ եմ հանձնում այն գործը, որին նվիրել եմ իմ երիտասարդությունը, իմ հասուն տարիքը, իմ ուրախությունները, իմ ամբողջ կյանքը… սիրեցեք այդ գործը ձեր անձից ավելի, զոհեցեք նրան ձեր հանգստությունը, ձեր զվարճությունները, եթե կարող եք և եթե կամենում եք ինձ ժառանգորդ կոչվիլ։ Սիրեցեք միմյանց և միասնական ուժով առաջ տարեք ձեր մոր և վարժուհու սիրած ու պաշտած գործը։ Իմ հոգին կհրճվի երկնքում և ոսկերքս գերեզմանի մեջ, եթե դուք արիությամբ ծառայեք ձեր պաշտոնին և հավատարիմ մնաք իմ դավանության, որ է՝ «սիրել ընկերը յուր անձից ավելի»։ Խոստացեք ինձ որդու և աշակերտի ազնվագույն խոստումով, որ իմ պատվերները ճշտությամբ կկատարեք և ինչ որ ես ավանդ եմ տալիս ձեզ նույնը և դուք ավանդ կթողնեք ձեր որդիներին կամ հաջորդներին…»։
«Մենք չորսս միասին ծունկ չոքեցինք նրա առաջ և արտասվելով խոստացանք նրա պատվերները ճշտությամբ կատարել։ Հետո նա պավիրեց կանչել յուր մոտ բոլոր աշակերտներին և աշակերտուհիներին։ Նա օրհնեց նրանց, խրատեց և պատվիրեց սիրով ու եռանդով սովորել և միշտ հնազանդ լինել ու սիրել մեզ։