Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

Առաջին այցելության քաղցր ընդունելությունից քաջալերվելով, պարոն Մաշտոցյանը սկսավ այնուհետև հաճախել Ագապյանների տունը և շատ անգամ. իբրև մերձավոր բարեկամ ժամերով նստել օրիորդ Ամալիայի մոտ, խոսակցել նրա հետ, լսել նրա քաղցր երգեցողությունը և երբեմն էլ զմայլել նրա հափշտակող դաշնահարությամբ։

Բայց և այնպես այս առավելությունները չէին գոհացնում երիտասարդ Մաշտոցյանին, նա ցանկանում էր ավելին։ Յուր բոլոր այցելությունների ժամանակ նա Ագապյաններից ստանում էր միմիայն մի քաղաքավարի ընդունելություն, որը նրանք շատ անգամ հասցնում էին ծայրահեղ նրբության: Բայց, իհարկե, այդ բավական չէր. սիրահար փեսացուն վայրկյան առ վայրկյան սպասում էր լսել նրանցից մի խոսք, մի ակնարկություն, որ կապ ունենար յուր դիտավորության հետ. նա սպասում էր, որ մայր իշխանուհին մի օր իրեն յուր փեսա անվաներ, կամ օրիորդ Ամալիան՝ յուր սիրահար։ Իսկ այդպիսի ակնարկություններ տեղի չէին ունենում։

Վերջապես նա վճռեց դիմել պարոն Սիմբրյանին և խնդրել նրա աջակցությունն այս կարևոր գործի մեջ։

— Դուք մի հնոց վառեցիք իմ սրտում ու հեռացաք,— ասաց նա մի օր Սիմբրյանին այլաբանորեն,— այժմ կարևոր է, որ այդ հնոցի համար փայտն էլ ինքներդ մատակարարեք։

— Պատրաստ եմ ձեզ ծառայելու,— պատասխանեց նա ժպտալով,— միայն թե ասացե՛ք ինչո՞ւմն է խնդիրը։

— Մի՞թե դեռ պետք է բացատրել ձեզ, չէ՞ որ դուք էիք աոաջինը, որ ինձ հիշեցրիք։

— Հասկանում եմ, Ամալիայի մասին է ձեր խոսքը, բայց ի՞նչ եք կամենում, որ ես անեմ։

— Առաջարկեցեք իմ կողմից ձեր քույր իշխանուհուն հանձնել ինձ այն, ինչ որ ինձ է պատկանում։

— Ամալիայի ձեռքը, այնպես չէ՞։

— Այո՛, իմ միակ գանձն աշխարհի վերա։

Սխմբրյանը մի վայրկյան լռեց։