Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ի՞նչ է պատահել. դուք լռում եք, - անհանգստությամբ հարցրեց Մաշտոցյանը։

-Ոչի՛նչ, սիրելիս, ես մտածում եմ այն հանձնարարության վերա, որը դուք անում եք ինձ, և գտնում եմ, որ ես նրան կատարել չեմ կարող։

-Ի՞նչպես, դուք ուրեմն ընդդեմ եք իմ ցանկությանը։

-Ընդհակառակը, ես եմ առաջինը, որ փափագում եմ ձեր այդ միությանը, որովհետև հավատում եմ նրա երջանիկ ապագային։ Եվ խոսքիս ապացույց այն է, որ ես ինքս ծանոթացրի ձեզ իմ քրոջ և քեռադստեր հետ և հիշեցրի ձեզ Ամալիայի հետ ամուսնանալու անզուգական առավելությունը։

-Ուրեմն ինչու՞ չեք ցանկանում ձեր ձեռքով էլ պսակել գործը։

-Ա՛յ թե ինչու՞ համար։ Դուք հո գիտեք, սիրելիս, որ ժամանակները փոխվել են և մանավանդ ամուսնական խնդիրներում էլ առաջին տեղը չեն բռնում բարեկամների, խնամակալների և նույնիսկ ծնողների խորհուրդները։ Լուսավորության շնորհիվ այժմ գործն այն տեղն է հասել, որ ամուսնացողներն իրենք են ընտրում իրենց ընկերները, իրենք են ընդունում, կամ մերժում առաջարկությունները և իրենք էլ վերջավորում գործը։ Ամալիան ինքը հասած ու զարգացած աղջիկ է, նա մինչև անգամ կարող է վիրավորվել, եթե ես ձեռներեց լինեմ այդ գործում. և նույնիսկ նրա մայրը հազիվ թե համաձայնվի մի դրական պատասխան տալ ձեզ, եթե դուք դիմեք նրան: Ուրեմն ավելի լավ է և հարմար, եթե դուք ինքներդ անեք այդ առաջարկությունը նույնիսկ իրեն Ամալիային, փառք աստծո, դուք այժմ միմյանց ավելի քան ծանոթ եք և միմյանցից քաշվելու բան չունեք։ Արեք նրան ձեր առաջարկությունն ազատորեն և երբ նրա հաճությունը կառնեք, հարսանյաց ուրախությունը մենք միասին կկատարենք։ Այս վերջին դեպքում ես ձեր երկուսիդ խոնարհ ծառան եմ։

Մաշտոցյանն այս խորհրդին ընդդիմանալու պատճառ չուներ։ Միայն չգիտեր ի՞նչ ձևով անել յուր առաջարկությունը։ Չնայելով հաճախակի այցելություններին, նա վերջին օրն էլ այնպես անծանոթ էր Ամալիային, ինչպես և առաջ: Նա չէր ճանաչում ո՛չ նրա սիրտը, ո՛չ նրա հոգին, ո՛չ զգացումները,