Էջ:Muratsan, vol. 2.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատկերը լուսավորելու համար, քան թե փայփայում է յուր սեփականը` իբրև ուրույն գործող երևալու համար։ Եվ այդ անում է ո՛չ այն պատճառով, որ ինքն ավելի է ընդունակ անձնվիրության, քան տղամարդը, այլ այն` որ ավելի է ապրում զգացմունքներով, այսինքն սրտով։ Եվ որովհետև կնոջ սիրտը միայնակ մնացած ժամանակ չի ջերմանում ինքն իրեն, ըստ որում նա ստեղծված է մի ուրիշ էակի շնչով ջերմանալու, նրա ազդեցությամբ բաբախելու, նրա գգվանքով զորանալու և, ի վերջո, նրա էության մեջ լուծվելու և այդ լուծման մեջ յուր երանությունը գտնելու համար, այդ պատճառով նա, ձգտելով դեպի յուր ընտրած էակը, ցանկանում է տեսնել նրան կարող ու զորավոր. որպեսզի ինքը՝ նրանից սիրված ժամանակ, սիրվի գերազանցորեն, բուռն և ուժգին… Եվ հենց այդ պատճառով էլ նա սիրով տալիս է այդ էակին ամենը, ինչ որ ունի մեծագին, որպեսզի դրանով ավելի զորանա ա՛յն աղբյուրը, որ կյանք պիտի տա իրեն։ Այս իսկ է պատճառը, որ կինն ավելի է ուրախանում սիրած անձին հասած մի հաջողությամբ, կամ տխրում նրա կրած մի կորուստով, քան եթե դրանք հասած լինեին իրեն։ Վասնզի հավատում է թե՝ ինքը կարող է մնալ միշտ կանգուն և զորավոր, քանի զորավոր է սիրո առարկան, բայց կընկճվի, կոչնչանա, երբ այս վերջինը զրկվի յուր ուժից… Եթե տեսնեք մի՛ կին, որ ապրում ու գործում է միայնության մեջ, օ՜, այդտեղ էլ պտրեցեք այն աներեվույթ ոգին, որ նրան ընկերանում, շունչ ու կյանք է տալիս, հուր ու կորով է ներշնչում… այո՛, կնոջ սիրտը մենակ ապրել չէ կարող, միայնության մեջ նա կսառչի, կընդարմանա և այդ է պատճառը, որ նա սրտագին ձգտում է դեպի ջերմացնող ճառագայթները։ Թող նրանց աղբյուրը գտնվի թեկուզ հեռվում, անհունության մեջ, բավական է, որ նրանց լույսն ու ջերմությունը հասնում են իրեն, նա գոհ է լինում և այդքանով… Բայց երբ այդ լույսը մարում, երբ ճառագայթների աղբյուրը ցամաքում է, օ՜, այն ժամանակ մի՝ պտրեք կնոջը կենդանիների մեջ… ախ, որքա՜ն թույլ եմ… աչքերս խառնվում են, չեմ կարող շարունակել…