Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Իզուր չէ ասում լատինական առածը՝ «առողջ հոգին առողջ մարմնի մեջ»։ Ինձ թվում է թե՝ հուսահատությունն այսքան չէր ընկճիչ հոգիս, եթե ես չհիվանդանայի. բայց պատահեց անսպաս։ Ձեր հեռագիրը ստանալուց հետո ինձ այնպես լավ էի զգում, այնպես երջանիկ, որ կարծես նորեն երիտասարդացել էի։ Ես, որ իմ գործունեության երկար շրջանում ոչ ցնորել էի և ոչ երազել, այժմ այդ անում էի ինչպես կյանքի գարունը նոր ողջունող մի պատանեկուհի։ Գրեթե օրերով մտորում էի այն մասին թե՝ ահա, ուր որ է «ընտրյալը» կգա, կողջունե կարոտով սիրած հայրենիքը, կբազմի հինավուրց աթոռի վրա և շուրջը խմբելով արժանյաց տեր անձինք, կսկսե վերաշինել խաթարյալ տունը, կմաքրե նրան փտությունից ու փոշուց և միջից հանելով հիվանդն ու օտարամուտը, տեղը կհաստատե առողջն ու հարազատը։ Նա կվանե, ասում էի, այդ տան դռներից սեղանավորներին, հացկատակներին, բանսարկու խռովարարներին, գայթակղություն սերմանողներին և դրանց փոխարեն կկարգե գետ և խնամակալ անկաշառ, ուղղամիտ և արդարադատ անձանց, որոնք չարի փոխարեն՝ կհաստատեն բարին, խռովությունը կփոխարինեն խաղաղությամբ, ատելությունը՝ սիրով, գայթակղությունը՝ ուղիղ հավատով։ նա կընդլայնե, մտածում էի, լուսավորության ասպարեզը, գործի հրավիրելով անձնվեր սրտերին, արժանավոր մշակներին և քաջալերելով շնորհն ու առաքինությունը՝ կհաստատե մեր մեջ միայն բարձրին ու արժանավորին երկրպագելու պաշտամունքը։ Այսպիսով հետզհետե մեր հոգևոր աշխարհից կհալածվին տգիտությունը և այն շահագործող պաշտոնյաները, որոնց շնորհիվ շատ ջերմ սրտեր են սառել, շատ վեհ հոգիներ վշտացել, բարձրախոհ մտքեր ընկճվել, հույսեր ու ակնկալություններ մարել։

Եվ երբ այսպիսով կմաքրվի վեհավայրը շրջապատող մթնոլորտը, երբ սևաթույր ամպերը հորիզոնից կանհետանան և արդարության արևը սուրբ խորանը կողողե, այն ժամանակ այգ արևից կջերմանան նաև սառած սրտերը, կամոքվին, ուժ