Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե` ինչո՞վ իսկապես կարող են առաջն առնել իմ հիվանդության, որ հետզհետե սուր կերպարանք էր առնում։ Նրանք ամենից առաջ աշխատեցին համոզել ինձ բժիշկ բերել տալ քաղաքից, բայց ես չկամեցա և հավատացնում էի թե` շուտով պիտի առողջանամ։ Տասնևհինգ օր շարունակ ճգնաժամի մեջ էի և այժմ, գուցե, պառկած լինեի հողի տակ, եթե մի հասարակ միջոց—եղջյուրով արյուն առնելը, որի բարերար ներգործության ես չէի հավատում, թեթևացրած չլինեին իմ ցավերը։ Բայց և այնպես, այսօր արդեն ամիսը լրանում է և ես դեռ անկողնումն եմ։ Թեպետ կրծքումս ու թիկունքումս այլևս ցավեր չեմ զգում, բայց հազս սաստկացել է. հաճախ ջերմում և գիշերները քրտնում եմ. մարմինս հետզհետե մաշվում է և մի քանի օր կա, ինչ տանջող հազիս հետևում է արյուն… ինձ թվում է թե` իմ հիվանդությունն արդեն փոխվեցավ և շուտով էլ ինձ գերեզման կտանե. մանավանդ որ տխուր մտածմունքները հանգիստ չեն տալիս ինձ… Այս պատճառով էր, որ ասում էի թե` հիվանդ մարմինը հիվանդացնում է և հոգին: Եթե մարմինս առողջ լիներ, գուցե հոգիս չընկճվեր այս աստիճան կամ հուսահատությունը չհաղթահարեր նրան… Օ՜հ, եթե իմանաք թե` որքա՜ն ուժ եմ գործ դնում ամեն անգամ մի քանի տող գրելու համար և թե հետո այդ լարումին որպիսի անկումն ու թուլություն է հաջորդում… բավական է. էլ գրիչ շարժել չեմ կարող…

12 հոկտ.

«Հինգ օր շարունակ ոչինչ չգրեցի։ Չէի կարող, սաստիկ թուլացել եմ. հազս, մանավանդ, հանգիստ չէր տալիս, բայց այսօր կամեցա շարունակել… Գեղեցիկ եղանակը գրավեց ինձ։ Արևի շողերը լցրել են սենյակս կենդանարար ջերմությամբ. իսկ դուրսը հրաշալի է… Հիշո՞ւմ եք դուք իմ պատուհանի առաջ բացվող տեսարանը — լեռնալանջի թավուտը, ժայռերի սպառվածը և ապա երկուստեք ուռիներով ծածկված ջրաղացի առուն, որ ժայռերին հասնելուց` զորեղ շառաչով թափվում է դեպի ձորը… Այդ բոլորն այժմ ողողված է արևի լուսով: Սակայն կանաչը դեղնել է արդեն, ծառերը հետզհետե մերկանում են տերևը: Բնությունն էլ, կարծես, թուլացել,