Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց մատաղ սրտերը… Իմ ցավերը չեն տանջում ինձ այնքան, սրանց արտասուքն է, որ մորմոքեցնում է սիրտս… Օ՜հ, այժմ, այժմ միայն կցանկանայի ապրել, որ սրբեի սրանց արցունքը և սովորեցնեի չլալ, երբեք չլալ, այլ արիանալ և գործել… ավա՜ղ, այդ դասը ես չտվի նրանց, որովհետև չգիտեի թե՝ հարկ կլինի լալ… այժմ տեսնում եմ, որ անհրաժեշտ դասը մնացել է առանց խոսելու… Ի՞նչ անեմ. ես այլևս անկարող եմ… մնում է օրհնել այն բերանները, որոնք այդ դասը կխոսեն ոգևորությամբ…

«15 հոկտեմբեր»

«Գրել այլևս անհնար է… գրիչս ընկնում է… նրա փոխարեն զորանում է արտասուքս… ծրարեմ այս թերթերը, եթե առողջացա, դարձյալ կգրեմ, եթե ոչ, խոսածս էլ բավ է… արդեն գիտեք թե՝ ինչո՞ւ մարեց կրակը… ընդունեցեք իմ ջերմագին ողջույնը… Եթե երբևիցե պատահեք իմ սիրելի ուսուցչին, պատմեցեք նրան իմ մասին մի քանի բան… Ասացեք, որ յուր քաղցր պատվերի համաձայն՝ «մեռալ ցորեանն, գի բազում արդիւնս արասցէ…»։

Ձեր քույր-Աննա»։

Այս ամենը կարդալու ժամանակ՝ ես շատ անգամ հուզվեցա և երբեմն հազիվ էի ինձ զսպում, որ բարձրաձայն չհեկեկամ։ Իսկ երբ աննման կույսի վերջին խոսքերը կարդացի, արտասուքս սկսավ աղբյուրի պես հոսել և ես գլուխս ձեռքերիս մեջ առած՝ երկա՜ր լաց էի լինում, ինչպես թանկագին հարազատը կորցրած մի մարդ։

Հետևյալ առավոտ, շատ վաղ գնացի քույր-Աննայի գերեզմանը համբուրելու։ նա գտնվում էր եկեղեցու արևելյան կողմը, փոքրիկ անտառի եզերքին, գեղեցիկ ու նորաստեղծ բարձրավանդակի վրա։ Մի պարզ, սպիտակ տապանաքար ծածկում էր այդ սուրբ գերեղմանը, որի վրա սավառնում էին նորատունկ ուռիներ։ Բարձրավանդակն ամբողջապես զարդարված էր ծաղկանց տունկերով, և նրանց շուրջը պատելով՝ խոխոջում էր փոքրիկ, ականակիտ առվակ, որ յուր մշտամռունչ