մրմունջը ուռիների սոսավյունին խառնելով` ասես թե հավիտենական մեղեդիներ էր երգում անզուգական կույսի հանգստյան համար:
Մենավոր շիրիմի շուրջը տիրում էր վսեմ, խորհրդավոր լռություն, որ մարդուն ակամա դարձնում էր ջերմեռանդ։ Ես խորին ակնածությամբ մոտեցա շիրիմին և երկյուղածությամբ համբուրեցի այն։ Տապանի վրա, հանգուցյալի ցանկությամբ, փորագրված էր միայն երեք բառ. «Քույր-Աննայի հանգիստը»: Բայց որքա՜ն մտքեր, որքա՜ն պատմություններ կային այդ պարզ բառերի մեջ… Այդտեղ ամփոփված էր գողտրիկ զգացմունքների, սուրբ գաղափարների և ազնվագույն ոգևորության մի ամբողջ աշխարհ… Այդ կանաչազարդ շիրիմի մեջ հանգչում էր հայրենիքի սուրբ սիրո նահատակը-մարմնացյալ անձնվիրությունը, որ սրի դեմ չէր գնացել, վառոդի դեմ չէր խիզախել, բայց մղել էր նույն կռիվը, ինչ որ ամեն մի մեծ հերոս… Ո՞ր ճշմարիտ հայրենասերը չէր խոնարհիլ յուր գլուխը այդ սրբազան շիրիմի առաջ և ո՞ր նոր երիտասարդի սրտին` սեր ու եռանդ չէր ներշնչիլ «Քույր-Աննայի հանգիստը»…
Համբուրելով այդ շիրիմը, ես չոքեցի նրա առաջ` աղոթեցի սրտահույզ։
Իմ աղոթքը մի ջերմ ցանկություն էր, տեսնել մեր մեջ, գոնե այսուհետև, քույր֊Աննային և նրա ուսուցչին արժանավոր հետևողներ։