օրիորդի վարմունքը։ Դրանք գլխավորապես իշխանազուն ընտանիքներից էին, որոնք ասում էին, թե մեծ հանդգնություն է մի վաճառականի համար ձգտել իշխանական տան փեսայության, եթե նա զուրկ է ազնվական անարատ արյունից։ Հասարակաստեղծ մարդիկ, ընդհակառակը, պախարակում էին օրիորդի և նրա մոր սնափառությունը, որին նրանք տգիտությամբ զոհում էին իրենց թե՛ ներկան և թե՛ ապագան։ Որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Ագապյանները նյութական կողմից աննախանձելի դրության մեջ էին։ Այսուամենայնիվ ոչ ոք սիրտ չարավ նրանց վարմունքը դեմ հանդիման դատապարտելու, այդպիսին միայն Սիմբրյանն էր, որ օրիորդի այս քաջագործությունը լսելուն պես, շտապեց մի որևէ միջոցով գործը շտկելու, բայց գտնելով թե՛ նրան և թե՛ յուր մորը անուղղելի համառության մեջ, զայրացած հեռացավ նրանցից, երդվելով չտեսնել այլևս նրանց հիմար երեսը։
Շատ պատվական երիտասարդներ էլ, որոնք մի անգամ տեսել էին, իշխանուհի օրիորդին և իրենք իրենց արժանի համարելով նրա հետ ամուսնանալուն՝ մտադրվել էին խնդրել նրա ձեռը, լսելով օրիորդի այս մեծամիտ վարմունքը, ետ կեցան իրենց դիտավորություններից, որովհետև չկամեցան բախտակից լինել երիտասարդ Մաշտոցյանին, որը թեպետ ամեն բանով բարձր էր իրենցից, բայց և այնպես մերժվել էր հպարտ իշխանուհուց։ Իշխանազունների մեջ էլ չկային այնպիսիները, որոնք նյութական կարողությամբ ապահովված լինեին, այդ պատճառով հարսնացու օրիորդը երկար ժամանակ մնաց առանց խնամախոսության։ Եվ թեպետ հետզհետե շատանում էին նրա ծանոթներն ու բարեկամները, բայց դրանք բոլորն էլ այնպիսի մարդիկ էին, որոնք միայն նրա գեղեցկությամբ զվարճանալու համար էին նրա շուրջը խմբվում։ Ապա թե ոչ յուր անունը և պատիվը նրա հետ կապել ցանկացող մի մարդ չէր մոտենում նրան։
Այս հանգամանքը սկսում էր մտատանջություն պատճառել մայր իշխանուհուն, և կարծես մոտենում էր զղջման ժամանակը։ Բայց իշխան Ջոմարջիձեն կարողացավ հարմար դեպքից օգուտ քաղել։ Նա առաջարկեց օրիորդին ճանապարհորդել