Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր հետ Իտալիա, յուր նշանավոր ձայնը այնտեղ կատարելագործելու համար: Ամալիան, որ կարծես թե սկսում էր սիրել իշխանին, իբրև մի մարդու, որ անկեղծաբար հոգում էր յուր առաջադիմության համար, ուրախությամբ համաձայնվեցավ։ Մի գաղտնի նպատակ էլ, որ նա խնամքով ծածկում էր յուր սրտում, նրան ավելի գրգռեց շտապեցնել գործը։ Այդ այն էր, որ նա հավատալով Ջոմարջիձեի խոստումներին, ինքն յուր մտքում որոշել էր նրա հարստության, կալվածների, հպատակների և այլ կարողությանը տիրուհի դառնալ։ Այս ճանապարհորդությունը նրանց ավելի կմոտեցներ իրար և շուտով կբացվեր յուր ապագա ամուսնու առաջ։ Դժվարությունը միայն նրանումն էր, թե ինչպես համոզել մայր իշխանուհուն։ Բայց որքան մեծ եղավ թե՛ օրիորդի և թե՛ իշխանի զարմանքը, երբ իշխանուհին այս առաջարկությունը լսելուն պես տվավ յուր համաձայնությունը։ Բայց մայր իշխանուհու նպատակը ոչ ոք չհասկացավ։ Նա պարզ տեսնում էր, որ բախտը օրըստօրե յուր երեսը դարձնում էր գեղեցիկ Ամալիայից. ամուսնացող և հարուստ երիտասարդները հեռու էին փախչում նրանից, իշխաններն ու գեներալները ոչ մի տեղ չէին երևում, իսկ դատարկապորտ և զվարճասեր մարդիկ հետզհետե ձանձրացնում էին իրենց։ Հետևապես Ամալիայի միառժամանակ քաղաքից հեռանալը ամեն կողմից էլ շահավետ էր։ Առաջին՝ այդ առիթով նա յուր ձայնը կկատարելագործեր, որը գուցե նրան կհարկավորվեր որևէ ձախող բախտի ժամանակ. երկրորդ՝ Մաշտոցյանի առաջարկությունը մերժելու առթիվ քաղաքի մեջ տարածված լուրերն ու խոսակցությունները, որոնք իրեն չափով գրգռում էին լսողների զայրույթը, կմոռացվեին շուտով և ապագա փեսացուները խաղաղ սրտով կմոտենային Ագապյաններին․ երրորդ՝ Ամալիայի առժամանակյա բացակայությունը կնպաստեր կրկին անգամ հետաքրքրելի դառնալուն, երբ նա վերադառնար Իտալիայից, որովհետև հին ճշմարտություն է, որ միշտ մի տեղ մնացող ջուրը հոտում է. և վերջապես չորրորդ՝ Ագապյանների տունը կազատվեր դատարկապորտ և զվարճասեր երիտասարդների անկոչ բարեկամությունից ու անօգուտ