Էջ:Muratsan, vol. 2.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Թիֆլիս ժամանելուն հետևյալ օրը պսակվել նրա հետ և բառնալ նրա վրայից ամեն արատ և անվանարկություն:

Ամալիան համոզվեցավ. և ահա մի գեղեցիկ օր սիրահար զույգը մուտք գործեց հայրենի քաղաքը և իջևանեց տեղական հյուրանոցներից մինում։

ԺԱ

— Ինձ պետք է տանես իմ մոր մոտ,— ասաց Ամալիան Պլատոնին, երբ նրանք մի քանի ժամ հանգիստ առին հյուրանոցում,— ես միայնակ չեմ կարող գնալ. դու անպատճառ պիտի ընկերակցես ինձ։

— Ես նույնպես, Ամալիա, նրան տեսնել չեմ կարող: Դու գիտես, որ քո մոր ականջը հազար ու մի զրպարտություններ են հասցրել մեր թշնամիները։ Ուրեմն անխոհեմություն է ինձ համար երևալ նրա աչքին, քանի որ դու չես նախապատրաստել նրան՝ ինձ իբրև յուր փեսա ընդունելու։

— Զարմանում եմ, թե դու արդեն այդ կոչումը քեզ վերա ես առնում, ի՞նչ հարկ կա այլևս քաշվելու. մի՞թե դու իրավունք չունեիր ինձ վերա իբրև իմ ամուսին...

— Ես քեզ հասկանում եմ, Ամալիա, բայց քո մայրը հազիվ թե հասկանա ինձ։ Նա առաջին անգամից իսկ կսկսի հանդիմանել ինձ։ Իսկ ես չեմ ուզում նրանից հանդիմանություն լսել, որովհետև ես արժանի չեմ դրան։ Առայժմ ինքդ գնա նրա մոտ. դու կարող ես ամոքել նրա սիրտը. իսկ երեկոյան, երբ դու կիմացնես ինձ գործի դրությունը, ես նույնպես կգամ ձեզ մոտ։

Ամալիան լռեց, բայց դա համաձայնության նշան չէր. նա տարուբերվում էր անվճռականության, հուսո և երկյուղի մեջ։ Ամոթը առաջին անգամ սկսում էր տանջել նրան և նա զգում էր յուր հանցանքի բոլոր ծանրությունը... Բայց և այնպես անհրաժեշտ էր մի որոշ եզրակացության գալ։ Եվ նա վճռեց միայնակ գնալ մոր մոտ։ Ուստի փողոց իջնելով նստեց