Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով մի չարագուժ նամակ հասավ Կովկասից Ամալիային, որի մեջ նրա թշվառ մայրն անիծում էր այն օրը որի մեջ յուր անդրանիկ դուստրը աշխարհ եկավ՝ Ագապյան տան անունը խայտառակելու համար… «Մինչև այժմ իմ վերջին կոպեկները ես խնայելով ղրկում էի քեզ, ապերախտ զավակ,— գրում էր նրան վշտահար մայրը,— և սպասում էի, որ իմ խնայողությամբ հավաքած այդ լումաներով դու կհարստացնես այն գանձը, որ անարատ հանձնեցի քեզ, և որ իմ և քո միակ պարծանքն էր աշխարհում, բայց դու այդ անգին գանձը,— որ քո կուսական պարկեշտությունն էր, արատավորեցի՛ր… Այսուհետև դու իմ աղջիկը չես, Ամալիա, դու անպատվությամբ մեռար. և ես չեմ կամենում, որ դու այլևս կենդանանաս…»:

Այսպիսի մի տխուր հիասթափությունից հետո, կարծիք չկար, որ մայր իշխանուհին այլևս պիտի մերժեր Ամալիային յուր դրամական օժանդակությունը։ Իշխան Պլատոնի պարտքով վերցրած փողերից շատ քիչ բան էր մնացել, այնպես որ սիրահարները ստիպված էին վաղընդփույթ վերադառնալ Կովկաս, օտար երկրում սովամահ չկորչելու համար։ Բայց ի՞նչ երեսով գալ։

Իշխան Ջոմարջիձեի համար ասենք մի դժվարություն չկար, նրա միակ հոգսը յուր պարտատերերն էին, որոնցից Իտալիա գալու համար նա բավական պարտք էր վերցրել։ Բայց մեր ժամանակում ո՞վ է պարտքի համար անքուն գիշեր անցուցանում։ Դժվար դրությունը Ամալիայինն էր. նա չէր կարողանում հաշտվել ա՛յն մտքի հետ, թե երբևիցե կարող է յուր մոր աչքին երևալ։ Նա պատվավոր թողել էր հայրենի քաղաքը և անպատիվ մուտ պիտի գործեր այնտեղ։ Սա մի հեշտ ձեռնարկություն չէր։ Բայց սիրահար իշխանը ստիպված էր նրան համոզելու, որովհետև ապրուստի միջոցները սպառվում էին. մի քանի օր ևս և ճանապարհի փող էլ չէր մնա խեղճ Պլատոնի գրպանում։ Բայց նա իրեն մեծ հարուստ էր ցույց տվել Ամալիայի մոտ, կալվածների և հպատակների տեր… ի՞նչպես կարող է այժմ հայտնել, որ ապրելու փող չկա։ Այս պատճառով նա գործ դրեց յուր բոլոր ճարպկությունը, համոզելու Ամալիային վերադառնալ Կովկաս, ազնվաբար խոստանալով