Հուսահատությունը տիրեց երիտասարդ իշխանուհուն և նրա հետ միասին հազար և մի տխուր գուշակություններ սկսան պտտվիլ նրա գլխում.- Արդյոք Պլատոնը խաբե՞ց, արդյոք նա թողե՞ց իրենց, արդյո՞ք հավիտյան հեռացավ նա, թե դեռ պիտի վերադառնար. ոչինչ հայտնի չէր։ Այժմ նա չգիտեր անգամ, թե ո՞ւր պիտի գնար, արդյոք յուր մոր մոտ, թե՞ յուր գայթակղեցնողի ետևից։
Առաջինից ամաչում էր երկրորդի ո՞ւր լինելը չգիտեր։ Այժմ էլ խելաբերում, թե որպիսի հիմարությամբ էր կապվել նա յուր սիրահարի հետ. նա չէր ճանաչում մինչև անգամ նրա բնակարանը, և չգիտեր իսկ, թե այդ իշխան փեսացուն սեփական տուն ունե՞ր, թե ոչ, որ գոնե այդ տունը պտրտելով կարողանար նրա տիրոջը գտնել։ Բայց հյուրանոցի ծառան սպասում էր տիկնոջը, նա պետք էր հեռանար այդ ժամանակավոր ապաստարանից։ Եվ Ամալիան վեր կացավ աթոռից և երերալով դուրս գնաց սենյակից: Իջնելով փողոց` նա տեսավ յուր կառապանին, որ սպասում էր իրեն։
-Բարեկա՛մ, ճանաչո՞ւմ ես դու իշխան Ջոմարջիձեի տունը,— հարցրեց նա նրան։
-Ո՛չ, տիկին. այդպիսի տուն ես չեմ ճանաչում,- պատասխանեց կառապանը։
-Եվ ոչ իրեն իշխանի՞ն:
-Եվ ոչ իշխանին։
-Լավ, վերադարձից ա՛յն տունը, որտեղից ինձ բերիր,- հրամայեց նա և նստավ կառքի մեջ։
Հասնելով տուն, նա գտավ սեղանի վերա յուր հասցեով մի նամակ։ Ձեռքը, որով գրված էր հասցեն, նա ճանաչեց. դա իշխան Պլատոնինն էր: Ամալիան կես ուրախությունից և կես տխրությունից դողացող ձեռքերով սկսավ բանալ ծրարը. իշխանը նրան գրում էր մի քանի տող.
«Հարգելի օրիորդ.
Անձնական մի քանի գործերի պատճառավ, որոնց մասին հենց նոր տեղեկություն առի, ստիպված եմ այժմ ևեթ քաղաքից դուրս գնալու։ Շտապում եմ այս մասին տեղեկացնել ձեզ, որ իզուր տեղը հյուրանոց չգաք ինձ պտրտելու։ Մի