Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրս կարդալ չգիտե. ես մի ուրիշ նամակ կգրեմ դարձյալ Պլատոնի կողմից և կկարդամ նրա մոտ, այսպիսով թե՛ ես ազատ կլինեմ կրկնակի խայտառակությունից և թե ժամանակ կվաստակեմ Պլատոնին գտնելու համար»։ Եվ նա նստելով սեղանի առաջ, շարադրեց հետևյալ գրությունը.

«Հոգվույս անգին հատոր,
սիրեցյալդ իմ Ամալիա.


«Մի անակնկալ դեպքով ստիպված եմ այս րոպեին հեռանալ քաղաքից։ Գորիի մոտ գտնված իմ երկու գյուղերի բնակիչների մեջ մեծ կռիվ է ծագել, որի մասին այսօր հեռագրել են իմ հավատարմատարին։ Վերջինի ինձ տված զեկուցումից երևում է, որ գործը շուտով սուր կերպարանք կստանա, եթե ես շտապավ չհասնեմ անկարգության տեղը։ Որքան էլ որ ինձ համար տանջանք է մի քանի օրով քեզանից հեռու գտնվիլ, այսուամենայնիվ ապագա անհաճոյություններից ազատ մնալու համար՝ ստիպված եմ կրել այդ նեղությունը: Ես մեծ հույս ունեմ, որ մայր իշխանուհին արդեն ներումն է շնորհել մեզ։ Հայտնիր նրան իմ որդիական խորին հարգանքը և ջերմագին ողջունիր իմ կողմից, խնդրիր նույնպես նրան իմ կողմից օգնել քեզ՝ հոգալու մեր հարսանյաց համար կարևոր պատրաստությունները։ Ես կամենում եմ մի քանի օրից ետ անպատճառ տեղի ունենա մեր այդ իշխանական ուրախությունը։ Անշուշտ եմ, որ մայր իշխանուհին չէ ընդդիմանալու յուր փեսայի այդ կարևոր ցանկությանը։

Ջերմագին համբույրներով

մնամ քեղ անկեղծ երկրպագու

Պլատոն Ջոմարջիձե»:

Վերջացնելով նամակը, Ամալիան փակեց նրան ծրարի մեջ և թողեց սեղանի վերա միևնույն տեղ, ուր տեսել էր Պլատոնի իսկական նամակը և ինքը գնաց մոր մոտ։

Իշխանուհին տեսնելով նրան միայնակ, հարցրեց անհանգստությամբ.

— Ո՞ւր է Պլատոնը, մի՞թե առանց նրան եկար դու: