— նրան յուր համարում չգտի. հյուրանոցի սպասավորը հայտնեց, որ իմ այնտեղից հեռանալուց մի քանի ժամ հետո մի երիտասարդ եկել է նրա մոտ, և մի փոքր միջոցից ետ նրանք երկուսն էլ կառքով գնացին դեպի պոստի կայարանը. պատվիրելով հյուրանոցի տիրոջը լավ հսկել սենյակում թողած իրեղեններին, ըստ որում մի երկու օրով իշխանը բացակայելու է քաղաքից։ Բայց զարմանում եմ, թե ինչպե՜ս է պատահել, որ Պլատոնը գոնե մի նամակ էլ չէ ղրկել ինձ,— ավելացրեց Ամալիան կատարյալ անտարբերությամբ, կամենալով այսպիսով հավատացնել յուր մորը, որ իշխանի այդ անակնկալ կերպով բացակայելու գործում կասկածելու ոչինչ չէ տեսնում։
— Նամա՞կ, ինչպես չէ, մի փոքր առաջ աղախինը մի նամակ բերավ այստեղ և ասաց, որ քո հասցեովն է. ես հրամայեցի նրան քո սենյակը տանելու։
— Մի՞թե, ուրեմն այդ նամակը անպատճառ Պլատոնիցն է,— նկատեց Ամալիան և շտապով զանգահարեց։
Աղախինը երևաց։
— Ո՞րտեղ ես դրել այն նամակը, որ մի փոքր առաջ տվել են քեզ. բե՛ր շուտով,— հրամայեց Ամալիան և աղախինը վազելով գնաց և բերավ նրան կեղծ գրությունը։
Ամալիան շտապով քանդեց ծրարը, կարդաց նամակը բարձր ձայնով և ապա դեմքը խոժոռեց ու խորհրդավոր ձևով սկսավ շարժել գլուխը ի նշան բարկության։
— Ինչո՞ւ համար ես բարկանում, Ամալիա, մարդը ստիպված է եղել հեռանալու. նա հո դրանով մի հանցանք չէ գործել,— նկատեց դյուրահավատ իշխանուհին:
— Իհարկե, հանցանք է գործել. նա պարտավոր էր առաջ քեզ այցելել և ապա գնալ յուր գործին,— իբր թե վիրավորված պատասխանեց Ամալիան։
— Եթե այդ է միայն նրա հանցանքը, ոչինչ, ես ներում եմ նրան։
— Իհարկե միայն այդ, ուրիշ ի՞նչ հանցանք կարող էր գործել նա,— պաշտպանեց Պլատոնին Ամալիան և այդպիսով էլ միառժամանակ վերջ ստացավ նրա մտատանջությունը։