ախար չէ՞ որ ընտրած միջոցդ ավելի վատթար բամբասանքի տակ պիտի ձգե նրան։ Եթե յուր հոր տան մեջ, յուր մոր հսկողության տակ բամբասում են նրան, ի՞նչ պիտի ասեն ուրեմն, եթե օտար աշխարհում մի օտար երիտասարդի հետ ապրե նա, թեկուզ ամենաանարատ և ամենասուրբ կյանքով։ Եթե այս գարշելի արարածները չեն խղճահարվում իրենց անսիրտ բամբասանքներով եղբոր և քրոջ միությունը սրբապղծել, ի՞նչ չէին խոսիլ, ուրեմն, Ագապյանի աղջկա և Ջոմարջիձեի վերա։ Բայց թողնենք բամբասանքը մի կողմ. ի՞նչ խելքով ես իմ անփորձ աղջկան հանձնեցի այն անծանոթ սրիկային. ի՞նչ իրավունքով ես հավատացի նրա ազնվությանը… Օ՜հ, Ամալիա, Ամալիա, անիծի՛ր ինձ, անիծի՛ր քո մորը, նա է քո դժբախտութան պատճառը…»։ Եվ այս ասելով թշվառ կինը ծեծում էր յուր գլուխը և դառնապես արտասվում։
Բայց Ամալիան մոռացել էր յուր մորը. նա մտախոհ անցուդարձ էր անում դահլիճի մեջ, յուր բոլոր անցյալը նա այդ րոպեին պատկերացնում էր յուր աչքերի առաջ, և տեսնելով նրան կատարյալ ոչնչությամբ լի, դառնացած սրտով բացականչում էր.— «Անարժան ծնողների անարժան որդիք. այդ մենք ենք. արարածներ, որ ապրում ենք աշխարհում մեր ողորմելի գոյությունն ապացուցանելու համար միայն։ Բայց չենք ճանաչում աշխարհում ոչինչ, ինչ որ մարդկային ազնվության և պատվասիրությանն է վերաբերում… կրթություն, դաստիարակություն. սրանք մի-մի բառեր են, բայց որքա՜ն մեծ, որքա՜ն բազմիմաստ, քանի՜-քանի՜ անգամ մենք պատահել ենք այդ բառերին, քանի՜-քանի՜ անգամ մենք արտասանել ենք նրանց, բայց և ոչ մի անգամ չենք ըմբռնել նրանց իմաստը, նրանց նշանակությունը… Ահա՛ թե ինչո՞ւ խեղճ ամալիաների պատիվը վաճառվել է փողոցում… Երբ ես մանուկ էի, իհարկե, ինձ կզվարճացնեին խաղալիքներով. երբ ման գալ սկսա, ես հիշում եմ, որ ինձ պճնում էին հարուստ շորերով, իմ ընկերուհիների մեջ ես առաջինն էի։ Լեզուս բացվեցավ թե չէ, ինձ համար վարժուհի վարձեցին, որ ինձ օտար լեզվով գրել-կարդալ սովորեցուց, մուզիկ և պարի դասեր տվավ։ Ես մեծացա առանց իմ ի՞նչ ազգից լինելը գիտնալու, առանց իմ մայրենի լեզվից մի բառ հասկանալու. թեպետ