Jump to content

Էջ:Muratsan, vol. 2.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ, սովորեցնելով գլուխ ծռել միայն կանգնած մարդու, միմիայն հարուստ մարդու առաջ…

-Իսկ այն սիրտը, որ միայն որդու սիրո համար է բաբախում, ա՛յն սիրտը, որ միայն նրա համար է ապրում, Ամալիա…

— Նրան պետք է որոնել մուզեումներում և գյուղացու խրճիթների մեջ,— դառնացած ընդհատեց մորը Ամալիան և վրդովված դուրս գնաց առանձնարանից։

Իշխանուհին մնաց քարացած։

— «Ամալիան իրավունք ունի,— մտածեց նա ինքն իրեն,— ես եմ նրա դժբախտության պատճառը. և նա դեռ ամեն բան չգիտե… Եթե ես լավ մայր լինեի, չմտածեի իմ հարստության ու փառքի վերա, եթե ես չաշխատեի նրա ապագան իմ բարեկեցության հարմարեցնելու, եթե ես նրան չսովորեցննի յուր ազնվատոհմությամբ պարծենալու և վերջապես, եթե ես առաջինը չլինեի Մաշտոցյանի նման հարուստ ու պատվավոր երիտասարդի առաջարկության մերժողը, հարկավ նա այժմ մի պատվավոր ընտանիքի հարսը կլիներ, բախտավոր յուր դրությամբ, գոհ յուր վիճակից. բայց իմ հիմարությունը երկուսիս էլ բախտից զրկեց… Եվ ի՞նչ, մի՞թե ես այդ հարվածը զգացի և նրա վնասով բավականացա՞, ոչ, իմ իշխանազուն աղջկա գեղեցկությունն ինձ կուրացրել էր. ես կամենում էի, որ բոլոր աշխարհը ճանաչեր նրան. ես նորանոր ծանոթությունների ետևից ընկա և իմ տունը զվարճասեր երիտասարդության ժողովարան դարձրի։ Խելքս այն ժամանակ գլուխս եկավ, երբ արդեն բոլոր քաղաքը բամբասում էր խեղճ Ամալիայիս և նա ինքը ոչինչ չգիտեր… Բայց ի՞նչ, աչքը շինելու տեղը հոնքն էլ պատառեցի, մի սխալմունքս ուղղելու համար գլորվեցա ուրիշ ավելի խայտառակ սխալմունքի մեջ։ Կամենալով ազատել աղջիկս անվանարկությունից և տունս՝ իմ ձեռքով հավաքած սրիկաներից, հանձնեցի խեղճ Ամալիայիս մի օտար, մի անծանոթ մարդու, ազատություն տալով նրան տանել իմ սիրած ու գուրգուրած աղջկան ո՞վ գիտե ո՞ւր… Օ՜հ, հիմարություն. մի անգամ ինքս ինձ չհարցրի, թե՝ ա՜յ տխմար, դո՛ւ հեռացնում ես աղջկանդ՝ դրան բամբասանքից ազատելու համար.