ա՛յս հոգին ունենալուց ես, մենք համարձակվում ենք նեղանալ ջոմարջիձեներից, որ նրանք խաբում և հափշտակում են մեզ և ապա անպատվելով թողնում ճանապարհի վերա… Թողնեի՜ք, որ ես ճանաչեի մի անգամ իմ արժանավորությունը, սովորեցնեի՜ք ինձ պատկառ մնալ իմ կոչմանը, հեռացնեի՜ք ինձ սնոտի զվարճություններից և վերջապես խնամեի՜ք իմ մանկությունը մարդկության արժանավայել դաստիարակությամբ, ա՛յն ժամանակ քաջ կասեի նրան, ով կհամարձակվեր գայթակղեցնել ինձ…
«Այո, այս բոլորը ես գիտեմ, հասկանում եմ. տխուր փորձը, մանավանդ, ավելի է զգալի անում ինձ համար այս բոլորի ճշմարտությունը. բայց… արդեն ուշ է, ես էլ վերադառնալ չեմ կարող։ Որքան էլ որ ցանկանամ նորից սովորեցնել ինձ պարզության, պարկեշտության, աշխատասիրության և ուրիշ շատ արժանավայել բնավորությունների, որքան էլ ցանկանամ նորից հայանալ, հայ լեզու սիրել, հայ կյանքով ապրել, այսուամենայնիվ անկարող եմ. այժմ ինձ պակասում է կամքի ուժ, ինձ պակասում է բնավորության հաստատություն. իմ քայլերս մանկությունից արդեն շեղվել են ուղիղ ճանապարհից. իմ ոտքերի տակ հաստատուն հող չկա… Այս կյանքը, որին ես վարժվել եմ, այս թերությունները, որոնք ինձ ստորացնում են, այս րոպեն իսկ, ավելի մոտիկ, ավելի սիրելի են իմ սրտին, որովհետև նրանք ինձ համար միս և արյուն են դարձել, քան այն բոլոր արժանավորությունները, որոնց ես կկամենայի ունենալ, ճշմարտությունն այս է… Բայց, իհարկե, այս կյանքով, այս թերություններով ապրել, կնշանակե, որ օր-օրի վերա փոքրանալ, ոչնչանալ և վերջ ի վերջո գլորվել անպատվության և անվանարկության անդունդը: Այս էլ գիտեմ, հասկանում եմ։
«Բայց, ասացի, ես նոր կյանքի վերադառնալ չեմ կարող, ուրեմն ի՞նչ անեմ հավիտենական անվանարկությունից ազատվելու համար։
«Խեղդվե՞լ ջրի մեջ.— դա շատ ողորմելի միջոց է. ես չեմ կամենում մեռնել, ես պետք է ապրեմ։ Կուսանո՜ց գնալ — այդ էլ հիմարություն է։ Ինչո՞ւ համար կենդանի թաղվել գերեզմանի մեջ. ինչու՞ համար տեսնել արևը, որ ծագում