Եվ ահա՛ ես էլ այդտեղ եմ։
— Բարով ձեզ, բարով ձեզ, այդ ե՞րբ շնորհ բերիք. ինչպե՞ս եք, առո՞ղջ եք, ուղղակի Պետերբուրգի՞ց եք գալիս, ուրիշ քաղաքներ չե՞ք այցելել, ինչպե՞ս անցաք ռազմավիրական ճանապարհը, և այլն, և այլն։
Երբ սովորական հարցերը վերջացան, անցանք հերթական խնդիրներին։
— Ո՞ւմն եք առաջին անգամ այցելել,-հարցրեց փաստաբան Ելակյանը։
— Ճպուռյանի խանութին,— պատասխանեցի ես, և բոլորը հավատացին։
— Ո՞ւմն է պատկանում երկրորդ այցելությունը,—հարցրեց մի ուրիշը։
— Արդուկյանին,— պատասխանեցի ես։
— Օ՜ հո՜...
— Միթե՜...
— Կատա՞կ եք անում...
— Չե՞ք վախենում...
— Ծիծաղո՞ւմ եք մեզ վրա...
— Ո՞վ խորհուրդ տվավ ձեզ...
Իրար հետևից հաջորդեցին այս հարցերը, և ես զայրացա։
— Ի՞նչ եք բացականչություններ անում, պարոններ, իհարկե Արդուկյանին պիտի այցելեմ, իմ ամենից ավելի հարգած և պաշտած մարդուն...
— Հա՛, հա՛, հա՛...
— Հա՛, հա՛, հա՛...
— Հա՛, հա՛, հա՛...
Այս եղավ ժողովականների պատասխանը. բոլորն էլ սկսան ծիծաղել ինձ վրա։
— Ինչո՞ւ համար եք ծիծաղում,— զսպելով ինձ՝ հարցրի ես։
— Ինչպես չծիծաղենք,— պատասխանեց Ելակյանը,—մայրաքաղաքից եկել եք այստեղ և մարդ չեք գտնում, որ հետը ծանոթանաք։ Արդուկյանի մոտ եք գնում: