Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Որը ամենաանպատիվ մարդն է այս քաղաքի մեջ:

— Եվ միևնույն ժամանակ ամենաստորը։

— Ասացեք և ամենախայտառակը։

— Որի հետ ծանոթանալ թույլ չի տալ իրեն վերջին գործակատարը։

— Բայց պատճա՞ռը, պարոններ, պատճառը, ասացեք ինձ գոնե մի փաստ:

— Ի՞նչ պատճառ, ի՞նչ բան, ինչե՞ր եք հարցնում, այսքան մարդիկ որ խոսում են ձեզ համար ոչինչ, էլի՞:

— Բայց գուցե դուք մի ուրիշ Արդուկյանի մասին եք խոսում, ես հրապարակախոս Արդուկյանին եմ ասում, այն, որ աշխատակցում է լրագրին, որ զմայլեցնում է մեզ յուր հանճարեղ հոդվածներով, որ ոգևորում է մեզ...

— Հա՛, հա՛, հա՛...

— Հա՛, հա՛, հա՛...

— Հա՛, հա՛, հա՛...— Ճպուռյանի Ժողովականները դարձյալ սկսան ծիծաղել ինձ վրա:

Ես լուռ ու մունջ բարձրացա տեղիցս, վերցրի գլխարկս և առանց մի բառ արտասանելու, դուրս գնացի։

Բայց այնքան էի գրգռված, որ եթե Ճպուռյանը փողոցում հանդիպեր ինձ, մորուքը կփետտեի, թեպետ մեր բոլոր խոսակցության ժամանակ նա մի բառ անգամ չէր արտասանել ոչ թեր և ոչ դեմ։

Երբ սկսա մի փոքր սառնությամբ խորհել տեսած ու լսածներիս վրա, Շահ-Աբասի մի խելոք խոսքը հիշեցի, որ նա ասել էր յուր հպատակներից մեկի մասին, որի վրա յուր բոլոր մարդիկը գանգատվում են. «Այդ մարդը պետք է որ ամենից խելոք լինի, որ այսքան թշնամիներ ունիյ»,—ասել էր թագավորը. և իրավ, երբ նրան յուր առաջը հանեցին, հարցաքննեց և տեսավ, որ յուր գուշակությունը սխալ չէ եղած։

— «Այժմ ես կերթամ Արդուկյանի մոտ միայնակ, առանց բարեկամի. կծանոթանամ նրա հետ և կաշխատեմ մոտիկից ճանաչել նրան, պետք է վերջապես այս հանելուկը լուծել»,— ասացի ինքս ինձ և գնացի։