Էջ:Muratsan, vol. 3.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակելով՝ երեկոյան վերադառնում էր ուսուցիչների մոտ՝ վաճառած տոմսակների գինը նրանց հանձնելու և ուսուցիչների գովության ու խրախուսանքին արժանանալու: Երբ տոմսակներն արդեն վաճառված վերջացած էին լինում, Շաշյանը հանձնարարում էր ծառաներից մեկին հայտարարությունների կույտը և նրա հետ միասին շրջելով քաղաքի փողոցները կամ շուկան, թե՛ բաժանում էր թերթերն անցորդներին և թե՛ յուր ձեռքով կպցնում էր պատերի վրա։

Եթե վարժապետները երբևիցե նկատում էին, որ պ. Շաշյանը շատ է ինքն իրեն նեղություն տալիս, և խնդրում էին, որ նա մի քիչ հանգստանա, նա իսկույն կրկնում էր յուր նախկին վարժապետ տեր-Օսեփից սովորած խոսքը թե՝ «Երբ գերեզմանում պառկենք, այն ժամանակ կհանգստանանք» և հետո իսկույն էլ ավելացնում էր դպրանոցի տեսչից լսած խոսքը թե՝ «Ազգային գործի համար նեղություն կրելն ինքնըստինքյան հանգստություն է»:

Շաշյանի այս բոլոր ծառայություններն արժանապես գնահատելու և նրան բարոյապես վարձատրելու համար՝ ուսուցիչներից ամենախորամանկը և զվարճախոսը նրա անունը դրավ «անհրաժեշտ մարդ»:

Չնայելով այս բոլորին, ուսուցիչներն առերես էին պատվում այդ «անհրաժեշ մարդուն». նրանք նրան գովում ու փառաբանում էին, երբ իրենց խմբի մեջ էր գտնվում, բայց հենց որ հեռանում էր մի որևէ ծառայություն կատարելու, իսկույն սկսում էին ծաղրել նրան, իսկ խորամանկ վարժապետը խեղճ Շաշյանի խոսելու ու շարժվելու ձևերը ներկայացնելով՝ ընկերներին ծիծաղից թուլացնում էր:

Ուսուցչական խմբի այս երկդիմի վարմունքը նկատում էին նաև բարձր դասատան աշակերտները և իրենք էլ իրենց կողմից ծաղրում էին խեղճ Շաշյանին։ Բայց նա ոչ միայն այդ բաները չէր տեսնում, այլև «անհրաժեշտ մարդ» տիտղոսին արժանանալուց ետ՝ սկսել էր ավելի հարգել ու սիրել այդ ծաղրող մարդկանց։

Եվ որովհետև նա ամենից ավելի հավատում էր խորամանկ վարժապետին, ուստի մի անգամ լսելով նրանից, որ ինքը մեծ մարդ կարող է դառնալ եթե գնա Թիֆլիս,