Էջ:Muratsan, vol. 3.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Չեմ չափազանցնում, սիրելիս, կապրես Թիֆլիսում և կտեսնես։

— Բայց դու, որքան ինձ հայտնի է, ո՜չ փող ունեիր և ո՛չ ճարպկություն։

— Փող արդարև չունեի, բայց ճարպկություն ինչո՞ւ չէ. դա խո այնպիսի ընդունակություն չէ, որ մարդու ճակատի վրա լինի նկարված։ Այսուամենայնիվ իմ խմբագիր դառնալուն այնքան իմ ճարպկությունը չօգնեց, որքան պատահականությունը։

— Պատահականությո՞ւնը... ուրեմն պատահականությո՞ւնն էլ է դեր խաղում խմբագիր դառնալու գործում։

— Օ, և ինչպես պատահականությունը չէ՞ որ մեր խմբագիրներից շատերին խմբագիր է դարձրել։ Նրանցից մեկը, օրինակ, բարձր ուսում է ստացել և վերադարձել հայրենիք, որ պետական ծառայության մեջ մտնի, սակայն յուր անշնորհքության պատճառով ամեն հասարակություններեց մերժվելով՝ ճարահատյալ սկսել է լրագիր հրատարակել: Մի ուրիշը հայոց դպրոցից կամ ճեմարանից վռնդվելով՝ եկել է Թիֆլիս գործ կամ պաշտոն գտնելու, բայց երբ նրան հասարակ գործակատարի պաշտոն էլ մերժել են, սկսել է լրագիր հրատարակել։ Մի երրորդը դիցուք փաստաբան է եղել, բայց որովհետև յուր անհավատարմության և գործ դրած խարդախությունների շնորհիվ համարումից ընկել և դատարանից հեռացվել է, սկսել է լրագիր հրատարակել. այսպես իմա և շատերին։

— Այդ շատ ցավալի է։

— Ցավալի՞ ի՞նչ կա այստեղ ցավալի, լրագիր հրատապակելը ցավալի՞ բան է։

— Ոչ. ցավալի է ա՛յն, որ լրագիր հրատարակում այնպիսի մարդիկ, որոնց դու այս րոպեիս թվեցիր։

— Այդտեղ ցավալի ոչինչ չկա. մարդիկ մի գործով պետք է պտրապեին, մի բանով պետք է կերակրվեին, և ահա՜ նրանք լրագիր են հրատարակում։ Դրանով ո՞ւմ ինչ վնաս։

— Ոչ ոքին... խնդրեմ պատմությունդ շարունակիր։

— Հա, որտե՞ղ մնացի։