Էջ:Muratsan, vol. 3.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

IV

Այն օրից արդեն, որ Արդուկյանի հետ ծանոթացա, էլ նրանից չէի բաժանվում։ Ինչ որ երևակայել էի գտնել այդ մարդու մեջ՝ բարի, բարձր և ազնիվ, նրա կրկնապատիկը, եռապատիկը գտա։ Կարող եմ համարձակ ասել, որ յուր գրվածքները, որոնցով ես և իմ ընկերները ոգևորվում էինք, նրա կենդանի խոսածների ու քարոզածների կմախքներն էին։ Այդ իսկ պատճառով ես ժամերով նստած լռիկ-մնջիկ լսում էի նրան, հիանում էի և հափշտակվում։

Սկզբներում, արդարև, նրա թշնամիներից լսածներս մտաբերելով՝ ես խորամանկությամբ հետևում էի նրա քայլերին, գործերին, միտումներին. աշխատում էի գտնել այդ բոլորի մեջ մի կետ, որով նրա թշնամիների բարբաջանքը գեթ առվայրկյան կարողանայի արդարացնել. բայց իզուր. ոչինչ արատ, ոչինչ պակասություն չգտա այդ մարդու մեջ, գոնե այն չափով, որով կարելի լիներ դատել, թե թշնամիները հանգետն սխալված են։

Արդուկյանը արդարև ազնիվ, առաքինի և հանճարեղ մարդ էր. ես նրա ամենամտերիմ բարեկամը դարձա. և դրանով ինձ բախտավոր էի համարում։

V

Հա՛, քիչ էր մնում, որ այս միջադեպը մոռանայի։ Ահա՛ թե ինչպես լուծվեցավ հանելուկը։

Պետք է ասեմ, որ այն օրից ի վեր, ինչ ես Արդուկյանի հետ ծանոթացա, մենք գրեթե միշտ միասին էինք լինում:

Մի քանի օր էր, ինչ մենք ճաշերից հետո սովորություն էինք արել ոտքով ամբողջ Կոլոնիայի ճանապարհը անցնելու։ Այդ ճանապարհի վրա գտնվող մի շքեղ տան պարտիզում, անցնելու ժամանակ, հանդիպում էինք միշտ մի գեղեցիկ աղջկա, որ պարտիզի ծաղկածուները ջրելով էր զբաղվում։ Դա հարուստ տանտիրոջ աղջիկն էր։ Հագնվում էր միշտ գեղեցիկ և ճաշակով։ Տարիքը 17 հազիվ կլիներ. բայց հասակը բարձր էր և նազելի, դեմքը քնքուշ և գրավիչ,