Էջ:Muratsan, vol. 3.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի օր էր, ինչ Վահան Սարյանը կանոնավորապես հաճախում էր «Փնջիկ»-ի խմբագրատունը և գործում այդտեղ իբրև գլխավոր աշխատակիր և քարտուղար»: Նա ուրախ էր։ Նրա սիրտը լցված էր ներքին հրճվանքով և այդ ոչ թե նրա համար, որ պատվավոր և արդյունավոր պաշտոններ էր ձեռք բերել, այլ որովհետև հավատում էր, որ յուր ոտքը դրել է արդեն այն ճանապարհի վրա, ուր գործել և գործում էին ազգային շահերին նվիրված նշանավոր մարդիկ:

Այդ կողմից արդեն ապահովված համարելով իրեն՝ նա մտաբերեց այժմ հայրենի քաղաքում թողած սիրելիներին, որոնք յուր պանդխտության վերաբերմամբ տեղեկություններ էին սպասում իրենից»:

Առաջին նամակը, ինչպես վայել էր, նա գրեց ծնողներին»: Յուր ճանապարհորդության մանրամասն նկարագիրն անելուց ետ, նա տեղեկություններ տվավ նրանց նաև յուր ստացած պաշտոնների մասին։ Եվ որովհետև հենց այդ ժամանակ նա մտաբերեց յուր հոր այն խոսքերը թե՝ «մի շալե շուխով քեզ իրավունք չեն տալ մտնել ուր որ կամենում ես» կամ թե «առանց նյութական ուժ ու անկախություն ունենալու՝ չես կարող ծառայել ազգիդ ցանկացածդ չափով» և այլն, ուստի կարևոր համարեց կցել յուր նամակին նաև հետևյալ նկատողությունը.

«Ձեր գուշակությունները, սիրելի հայրիկ, քիչ էր մնում, որ այդտեղ իմ եռանդը սառեցնեին և իմ հավատն ու վստահությունը՝ դեպի լուսավորյալ մարդիկը՝ խախտեին, ես վհատվելու մոտ էի։ Բայց հաստատուն կամքը և համարձակ որոշումը փրկեցին իմ հավատը վտանգից»: Եվ ինչպես գոհ եմ, որ երիտասարդական անփորձությունը տեղի չտվավ այս անգամ խոհական փորձառության. հակառակ դեպքում ես տասնյակ տարիներով ետ կմնայի և գործելու գեղեցիկ ասպարեզը ընդմիշտ փակ կմնար իմ առաջ: Երբ դուք ինձ խրատում էիք՝ նախ անձնական անկախության և ապա թե ազգիս ծառայելու մասին մտածել,