Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկապես մեր հայտնի Շաշյանն է։ Անշուշտ, Դուք զարմանում եք այս նորությունը լսելով: Զեզ նման էլ ես զարմացա: Բայց պ. Մոմճյանի տված բացատրությունները համոզեցին ինձ, որ կարելի է տգետին մեկը խմբագիր շինել, եթե այդպիսով հարթվում է որոշ նպատակներ ու ծրագիրներ իրագործելու դժվարին ճանապարհը։ Դա առաջադեմ աշխարհում «փոքրը մեծին զոհելու» ընդունված մի սկզբունք է։ Այս մասին առայժմ որոշ բան գրել չեմ կարող, բայց եթե հանդիպենք մի օր, շատ ուշագրավ պատմություններ պիտի լսեք։

«Տեղական ազգային հաստատությունների կամ մյուս խմբագրությունների հետ դեռ չեմ ծանոթացել: Պ. Մոմճյանը, որին սիրում եմ իմ Մենտոր անվանել, տակավին թույլ չէ տալիս ինձ նոր շրջանների մեջ մտնելու: «Ձեզ կարող են մոլորեցնել և դեպի սխալ ճանապարհները առաջնորդել»,— ասում է նա, և ես հավատում եմ։ Ուստի նրա խորհրդին հետևելով' պիտի մտնեմ այդ շրջանները ա՛յն ժամանակ, երբ նրանց ամեն մեկի մասին որոշ ծանոթություններ առած կլինիմ իմ հարգելի Մենտորից»։

Նամակի վերջում երիտասարդ Վահանը, սիրտը սեղմելով, հանձնարարում էր տիկնոջը' ողջունել օրիորդ Աշխենին: Այդ առթիվ նա մինչև անգամ մի սխալ արավ, որի պատճառով ստիպված էր յուր նամակը նորից արտագրելու, սխալը սրտի հանցանքն էր։ Փոխանակ գրելու «մատուցեցեք օրիորդին իմ հարգանաց ողջույնը». գրել էր՝ «իմ սիրալիր ողջույնը»... Ո՛վ կներեր նրան վայելել այդ սխալանքի քաղցրությունը...

— Իհարկե ոչ ոք։ Ուրեմն յուր նամակն արտագրելով՝ նա մի անհրաժեշտ պարտք կատարեց։