Իսկ այդ մտերմության արդյունքը եղավ այն, որ Մոմճյանը նրանց միջոցով հետզհետե ծանոթացավ նոր մտքերի, նոր գաղափարների և նորագույն իդեալների հետ։ Նա հաճախում էր այդ մտերիմների ժողովներին, ուր խոսում, քարոզում էին նոր մտքերի մասին, ուր գովում, երկինքն էին բարձրացնում այդ մտքերի ապագայում մարմնանալիք արդյունքը և դրսևորում ու դատափետում էին այն բոլորը, ինչ որ կա, ինչ որ գոյություն ունի այսօր աշխարհում և ինչ որ մեր արդի կյանքն ու բախտը կառավարող ուժն ու զորությունն են կազմում։
Մտերիմների ժողովում, բոլոր ճառերն ու քարոզություններն այնքան գրավիչ լեզվով է, այնքան համոզկեր խոսքերով էին արտասանվում, որ երիտասարդ և մանավանդ անփորձ սրտերն անկարող էին լինում նրա թովիչ ազդեցության չենթարկվիլ։
Մոմճյանի արևելյան վառ երևակայությունը, զգայուն սիրտը, ուշիմ և թափանցող միտքը, որոնք զուրկ էին խոհական փորձառության խնամատար հսկողությունից, հափշտակվելով գրավվեցան նորագույն վարդապետության ցնորքներից. նա հավատաց, որ արդարև ապրում է դժոխային խավարի մեջ, հանցավոր սխալման ճանապարհի վրա և սոսկաց։
Այնուհետև նրա աչքում երկրորդական նշանակություն ստացան թե՛ յուր ընտրած մասնագիտությունը և թե՛ նրան ուսանելու համար գործ դրվելիք աշխատությունը։ Նա մոռացավ մինչև անգամ յուր ծնողները և նրանց վճարելիք երախտագիտական պարտքը։ Նա մոռացավ նույնիսկ յուր հայ լինելը, մի ընկած ու օգնության կարոտ ազգի պատկանիլը. միով բանիվ, նա մոռացավ այն ամենը, ինչ որ յուր մանուկ մտքերին սնունդ և երիտասարդությանն ուժ էին մատակարարել և ուշքն ու միտքն ամբողջապես մտերիմների նորագույն վարդապետությանը նվիրեց։
Այս բոլորի հետևանքը եղավ այն, որ երիտասարդ Մոմճյանը միայն երկու տարի կարողացավ հաճախել համալսարան, երկրորդ տարվա վերջում անհաջող քննություն տալով՝ համալսարանից դուրս եկավ։
Այնուհետև նա իրեն ազատ համարեց դեպի հին աշխարհն ունեցած բոլոր պարտավորություններից և նվիրվեցավ նոր