աշխարհի շահերին։ Նա կանոնավորապես հաճախում էր մտերիմների ժողովին, չգիտացածը սովորում, չհասկացածը քննում, և, մանավանդ, գործելու եղանակներն ուսումնասիրում էր:
Երբ արդեն ամեն բան սովորեց և նորագույն վարդապետության առաքյալի կոչումն ստացավ, նրան խորհուրդ տվին վերադառնալ շուտով հայրենիք. ըստ որում հակառակ դեպքում ստիպված պիտի լիներ չսիրած երկրում և անհաճո պայմանների մեջ ապրելու։
Եվ մի գեղեցիկ օր երիտասարդ Մոմճյանը վերադարձավ յուր հայրենի քաղաք՝ Թիֆլիս։
Այստեղ արդեն մարդիկ նրա աչքում ավելի փոքր, ավելի ողորմելի էին երևում, քան մայրաքաղաքում։ Նրանց մտածելու և գործելու եղանակը, գոյության կռվի մասին ունեցած հասկացողությունը, կրոնական զգացումները, ընկերական հարաբերությունները, ընտանեկան սովորությունները և այլն, երիտասարդ ուսանողին համոզում էին, օր յուր հայրենակիցները շատ առաջ չեն գնացած միջնադարյան կիսավայրենիներից։ Հետևապես նա կարծում էր, որ մեծ կարիք կա եռանդով, հաստատակամությամբ այս ժողովրդի մեջ գործելու: Եվ որովհետև հույս չուներ առաջին անգամից իսկ հին սերունդի վրա ազդելու, ուստի որոշեց յուր բոլոր ուշադրությունը երիտասարդության վրա դարձնել։ Նույնիսկ գործելու եղանակը որոշող հրահանգները, որոնց նա ստացել էր մտերիմները ընկերությունից, նույն խորհուրդն էին տալիս ամեն մի գործողի, այսինքն թե՝ մի նոր միտք կամ վարդապետություն առաջ տանելու համար՝ նախ պետք է քարոզել երիտասարդներին, տհասներին և տգետներին։ Սա հին փորձառության խոսքն էր, որ նոր գործողների համար օրենք էր դարձել։
Այսուամենայնիվ, յուր նպատակին հասնելու համար Մոմճյանին պակասում էր ամենագլխավոր գործիքը, այն է լեզուն։ Նա պետք է գործեր հայրենակից հայերի մեջ, իսկ նրանից շատերի հետ խոսեր մայրենի լեզվով, որը դժբախտաբար չգիտեր։ Այժմ ճանաչեց նա յուր սխալը և խոստովանեց հոր խորհրդի բանավոր լինելը։
Այսուամենայնիվ, դեռ ուշ չէր. նա երիտասարդ էր և