— Պատճա՞ռը։
— Պատճառր գաղտնիք է։
— Բայց ինձ կարող եք ասել։
— Եթե խոստովանանք պահեք։
— Դուք էլ իմ խոսքն եք կրկնում. լավ, կպահեմ։
— Շուշանին կամենում եմ ավելի լավ երիտասարդի հետ ամուսնացնել։
— Եվ ո՞վ է դա։
— Մի երիտասարդ, որ Մսվսիսյանից տասն անգամ ավելի գեղեցիկ, ավելի ուսումնական և ավելի հարուստ է։
— Բայց ո՞վ է դա վերջապես։
— Մի գավառացի։
— Անո՞ւնը։
— Վահան Սարյան։
— Ի՞նչ գործով է պարապում։
— Հարուստ տղա է, եկել է Թիֆլիս մեր սիրած գործերովն զբաղվելու։ Բայց այստեղ, հո գիտեք, հազար տեղից կարող են քարշ տալ նրան։ Այդ պատճառով ցանկանում եմ, որ բերենք քեզ մոտ և այստեղ մեր աչքի առաջ և մանավանդ ձեր հսկողության ներքո պահենք, մինչև որ բանը սարքենք։
Տիկին Մարթան, որ միշտ այն կարծիքին էր թե՝ յուր աղջկանը ուզող չի լինի և այդ պատճառով Մովսիսյանից պինդ էր բռնել, հարուստ և գեղեցիկ Սարյանի մասին լսելով սկսեց տատանվել։ Եթե Մովսիսյանը մինչև անգամ նշանված լիներ Շուշանի հետ, այդ հանգամանքը դարձյալ չէր կարող ստիպել Մարթային, որ լավագույն փեսան ձեռքից թող տա։ Սա ուշադրության արժանի խնդիր էր։ Ուստի սկսեց երկար ու բարակ հարցափորձել Մոմճյանին յուր հիշած երիտասարդի համար, իսկ Մոմճյանը ամենալավ և գրավիչ գովեստները շռայլեց նրա մասին։
Եվ որովհետև Մարթան փորձով գիտեր, որ Մոմճյանի բոլոր առաջարկությունները կատարելով շարունակ օգուտ էր ստացել, ուստի որոշեց Մովսիսյանին հեռացնելու մասին արած առաջարկությունը ևս անհապաղ իրագործել։ Բայց ամենից առաջ ցանկացավ ապագա փեսացուն տեսնել։