Էջ:Muratsan, vol. 3.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ուրեմն ղո՛ւ գիտես, արա`, ինչպես կամենում ես, ոչ մի բանում չեմ խառնվիլ,— ասաց Շուշանը և հեռացավ։ Տիկին Մարթան նայեց աղջկա ետևից, մտածեց մի փոքր և ապա գլուխը խորհրդավոր եղանակով շարժելով ինքն իրեն շշնջաց.

— «Կհավանես, կհավանես, նրա պես տղին ո՞վ չի հավանիլ: Ուզում ես ասել «դեն ձգիր՝ ջեբս ձգիր», թող այդպես լինի, բայց մենք գնանք աղոթենք, որ տղան քեզ հավանի, թե չէ փեշերդ էլ են հոժար...»։ Այս ասելով գնաց նա հյուրերի մոտ և Մոմճյանին առանձնացնելով հայտնեց նրան յուր համաձայնությունը՝ Մովսիսյանին հեռացնելու և Սարյանին ընդունելու համար:

Մոմճյանը սրտագին շնորհակալություն արավ տիկնոջը և ապա երկուսը միասին խորհրդակցելով Սարյանի՝ իրենց մոտ գալու օրը որոշեցին։

Եթե կան աղջիկներ, որոնք ազնիվ զգացումների գերի և գեղեցկի ու վսեմի երկրպագուներ են, որոնց գրավում է միայն կատարյալը և որոնք նյութականը գաղափարականին զոհելու մեջ հոգեկան հաճույք են զգում, կան նաև աղջիկներ, որոնք չնայելով, որ ստեղծված են նույնչափ քնքուշ ու բարի, որքան հիշյալները, սակայն հոգով ու սրտով հաշիվների գերի և հաջողության ու բախտի երկրպագուներ են. կատարյալի հետ միասին նրանց գրավում է նույնիսկ ոչնչությունը, եթե նա տեր է նյութական կարողության։ Այդ տեսակները առհասարակ անվանվում են փորձառու կամ գործնական։

Օրիորդ Շուշանը վերջին տեսակի աղջկերանց կարգին էր պատկանում։ Նրա բնավորության արտաքինը, թեպետ համակրելի, բայց ներքինը մոր հոգվո պատկերն էր կրում յուր վրա։ Բոլոր մյուս աղջկերանց պես նա էլ ցանկանում էր ամուսնանալ և, իհարկե, արժանավոր երիտասարդի հետ։ Իսկ արժանավոր նա համարում էր նրան, ով կարող էր ապրեցնել իրեն անկարոտ։ Գուցե այն ընտանիքը կամ շրջանը, որի մեջ ապրում էր նա և որից օր առաջ կամենում էր ազատվել— այդ համոզմունքին էին բերել նրան, գուցե փորձառությունը, որ հարստության մեջ ծերերի, իսկ աղքատության մեջ նաև երիտասարդների բաժինն է, սովորեցրել էր այդ աղջկան