Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերահավատությամբ նայել դեպի սերը և քնքուշ զգացումները և հավատով միայն՝ դեպի նյութական կարողությունը, այսպես թե այնպես նա ամուսնո արժանիքը նրա նյութական զորության մեջ էր որոնում։

Եվ որովհետև նա Մովսիսյանին, յուր տեսակետից նայելով, արժանավոր էր համարում, ուստի նրան էլ փեսացու ընտրեց։ Բայց հետո, երբ հարցը եկավ Սարյանին, որի համար ասում էին թե առաջինից ավելի արժանավոր է, այսինքն հարուստ է, Շուշանը նրան գերադասեց, մանավանդ որ մայրն էլ այդ ցանկանում էր։ Բացի այդ, Սարյանը Մովսիսյանից ավելի գեղեցիկ ու շնորհքով երիտասարդ էր. այդ հանգամանքը նույնպես օգնում էր Շուշանին, որ նա չզգա այլևս խղճի այն խայթը, որը տանջում էր նրան մի փոքր առաջ, Սարյանի գեղեցկությամբ գրավված ժամանակ։

Այս էր պատճառը, որ հետևյալ օրը, երբ տիկին Մարթան առաջարկեց Մովսիսյանին դատարկել յուր սենյակը, առարկելով նրան, որ շուտով պիտի ընդունե այդտեղ յուր հիվանդ քրոջը, օր. Շուշանը դուրս չեկավ յուր առանձնարանից և չկամեցավ գոնե մի քանի քաղցր խոսքերով ամոքել այն երիտասարդին, որին դեռ մի օր առաջ յուր փեսացուն էր համարում։

Իզուր Մովսիսյանը խնդրում էր տիկ. Մարթային թույլ տալ իրեն տեսնվել Շուշանի հետ, իզուր սպասում էր, որ գոնե նրա հրաժեշտի ողջույնը ստանա։ Տիկինը հայտնեց, որ նա հիվանդ է, իսկ օրիորդը այդ իմանալով մնաց յուր թաքստի մեջ, մինչև որ խեղճ երիտասարդի վերջին իրեղենները դուրս հանեցին իրենց տնից։

Մովսիսյանը հեռացավ, բայց այն համոզմունքով ու հավատով թե՝ Շուշանը հիվանդացել է անշուշտ այն պատճառով, որ մայրը հեռացնում է իրեն յուր բնակարանից։ Ուստի հույս ուներ, որ երբևիցե առանձին կտեսնվեր նրա հետ և, եթե մոր այս վարմունքի մեջ որևէ գաղտնիք թաքնված լիներ, անպատճառ կիմանար։

Երկու օրից հետո Վահան Սարյանը տիկ. Մարթայի տնկեցն էր և (մոր ու աղջկա կարծիքով) Շուշանի փեսացուն:

Այդ ժամանակից սկսած օր. Շուշանի համար սիրելի