Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սերգո, այս տղան դեռ ջահել է, ինչպե՞ս կարելի է ամեն բան հավատալ նրան, — կասկածանքով հարցրեց Մոմճյանը։

— Ի՞նչ իք հրամանք անում, պարուն ջան, էնենց տղա է, վուր հատը չի ըլի. գանա յիս իմ մարդը չի՞մ ճանչնում։

Այս միջոցին մոտեցավ Վանոն և հարգանքով ողջունեց Մոմճյանին և նրա ընկերոջը:

Մոմճյանը բռնեց նրա ձեռքը, խիստ բարեկամաբար սեղմեց և ծանոթացրեց նրան Սարյանի հետ։

— Թիֆլիսի ինքնուս երիտասարդների տիպն է սա, — ասաց նա Սարյանին, — ծխական դպրոցից զատ, ուրիշ ոչ մի տեղ չէ կարդացել. բայց ինքն իրեն պարապելով շատ բան է սովորել. խոսում է գրական լեզվով, հայոց բոլոր լրագիրները կարդում է, Րաֆֆիի վեպերը բերան գիտե, ռուսերեն էլ սովորում է։ Բայց սրա ամենամեծ արժանիքը այն է, որ յուր մասնավոր գործից ավելի հասարակական գործերով է հետաքրքրվում ու զբաղվում, որ հազվագյուտ երևույթ է մեր մեջ։

— Բազազ Գարսոյի աշկիրտն է, ղորթ է. ամա՛ էնենց տղա է, վուր դիփունանք արիվովը օրթում ին ուտում, — շարունակեց Չաչանակը Վանոյի գովասանքը, — բազազնիրը, Հավլաբարի մեյդնի շիրաջնիրը, բաղալնիրը, զառափնիրը ինլկլի շալ ու յափունջի ծախող դերձկները դիփունանք էլ ճանչնում ին Վանոյին, դիփունանք էլ հիդը ախպեր ին։ Ո՞վ է հարցնում, թե բազազի աշկիրտ է. մե խոսք, ան մե խնդիր վուր արավ, ան սհաթը կուկատարին։ Ա՛յ, էսենց տղա է միր Վանոն։

Այդքան մի՛ գովեք ինձ, ես արժանի չեմ, — վերջապես նկատեց Վանոն, ցույց տալու համար, որ այդքան առավելությունների հետ միասին համեստություն էլ ունի։

— Ո՛չ, դուք ավելի գովության եք արժանի, — նկատեց Մոմճյանը, — միայն թե չեմ կամենում հայտնել, որ ձեր համեստությունը չվիրավորվի։ Այժմ գործին անցնենք։ Սերգոյի տված թերթիկները ի՞նչ արիք։

— Բոլորն էլ բաժանեցի։

— Կարող է պատահել, որ բարեկարգիչը այդ թղթերը