մոտեցավ այս ու այն ժողովականին և ինչ որ բաներ փսփսաց սրա կամ նրա ականջում:
— Ապա, տերտեր ջան, յիս վուր գիր չիմ գիդի, վո՞ւնց պիտիմ գրի,— տեղից վեր կենալով հարցրեց ժողովականներից մինը։
— Այ, ես կգրեմ քեզ համար,— մոտեցավ իսկույն Ժողովականին երիտասարդ Վանոն։
— Թող այդ երիտասարդը գրե,— միամտաբար համաձայներ քահանան։
Վանոն վերցնելով անգրագետից նրա թուղթը հարցրեց։
— Ո՞ւմ անունն ես կամենում, որ գրեմ։
— Դուն ո՞ւմը պիտիս գրի,— հարցրեց անգրագետը։
— Սոսոյի տղա Ծղալոբի։
— Ծղալոբի՞։
— Այո։
— Վա, մասխարա իս գցում. նա ի՞նշ խելք ունի վուր իրիցՓոխ շինինՔ նրան:
— Ինչո՞ւ, լավ մարդ է։
— Վա, գանա յիս չիմ ճանաչում, էրկու իշի գարին չի կանա փայ անի։
— Ուրեմն ո՞ւմ անունը գրեմ։
— Այ, գրիր մեկ ճոն Մարտիրուսի անումը, մեկ էլ իմ բիձու տղա զարաֆ Արութինի անումը։
Երիտասարդը փոխանակ այդ անունները գրելու, գրեց Սոսոյի տղա Ծղալոբի անունը և թուղթը ծալելով տվավ անգրագետին։
Այս ձևով նա մոտեցավ և մի քանի ուրիշ անգրագետ մարդկանց և նրանց համար էլ միևնույն անունը գրեց։
Մի քանի հոգի այս ու այն կողմից բողոքեցին երիտասարդի վարմունքի դեմ և պահանջեցին բարեկարգչից, որ անգրագետներին բերել տա յուր մոտ և ինքը նրանց ցանկացած մարդկանց անունները գրե։
— նա գրած, թե սա գրած, միևնույն չէ՞,— մեջ մտնելով հարցրեց Մոմճյանը։
— Ոչ, պարոն, միևնույն չէ,— նկատեց գրագետ երիտասարդներից մինը։