— Եթե միևնույն է, թողեք, որ քահանան գրե. ինչու ամենքին միևնույն երիտասարդն է կամենում ծառայել,—կասկածավոր եղանակով հարցրեց մի ուրիշը։
— Վա, լվութին անիլը մի՞ղք է. իրա հոքու համա է անում,— բացականչեց չաչանակ Սերգոն։
— Մի Վիճեք, որդիք, մի վիճեք. բերեք բոլորի համար էլ ես կգրեմ,— խոսեց բարեկարգիչը։
Քահանայի այս խոսքերի վրա անգրագետ ծխականներից մի քանիսը մոտեցան նրան։
— Հա, ո՞ւմ անունն ես կամենում, որ գրեմ,— Հարցրեց քահանան առաջին մոտեցողին։
— Ումը գուզիս գրե, տերտեր ջան,— միամտաբար պատասխանեց ծխականը։
— Իմ ուզածը չի լինիլ, դուպետք է ասես։
— Յես ի՞նչ ասեմ։
— Ո՞ւմը կուզես, որ երեցփոխ ընտրենք այս եկեղեցու համար։
— Իրիցփո՞ւխ։
— Հա։
— Այ, Արութին Գոզալովը լավ մարթ է. նրա անումը գրե։ Քահանան գրեց և ապա նորեն հարցրեց։
— Գրեցի, էլ ուրիշ ո՞ւմ ես կամենում։
— Գանա քանի՞ իրիցփոխ պիտինք ջոկի,— զարմացած հարցրեց ծխականը։
— Մեկ. բայց կարելի է Հարություն Գոզալյանցը չդուրս եկավ. մեկ ուրիշի անունն էլ ասա։
— Մեկ էլ իմ անումը գրե։
—Քո անունը չի կարելի,— ժպտալով նկատեց քահանան։
— Ինչի՞, դանա յիս մարդ չի՞մ, հ այ քրիստոնյա չի՞մ,— միամտաբար հարցրեց ծխականը։
Ժողովականներից շատերը սկսեցին ծիծաղել։ Իսկ քահանան բացատրեց, թե ինչո՞ւ ինքը չի կարող բացարձակ ձայն տալ իրեն։ Այդ Միջոցին Չաչանակը միամիտ ծխականին մոտեցած փսփսում էր նրա ականջին, որ երկրորդ անունը Սոսոյի տղա Ծղալոբինը գրել տա: