Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարդացեք, կարդացեք լսենք,— ձայն տվին Ժողովականները։

— Իսկույն.— և նա սկսեց կարդալ

«Հրահանգ համամիտ և համախոհ կուսակցություն կազմելու համար։

— Այդ վերնագի՞րն է, պ. Մոմճյան,— ճչալով հարցրեց օրիորդ Քանարյանը:

— Այո, վերնագիրն է, մի նկատողություն ունի՞ք անելու սրա մասին։

— Ոչ, ուզում էի ասել, որ գեղեցիկ վերնագիր է։

— Իմ կարծիքով լավ կլիներ, եթե վերնագիրը կոնսիստորի լեզվով գրեիք,— նկատեց աշխատակից Հակոբյանը, որ մի կարճահասակ, կոպիտ ու տափակ դեմքով և փոքրիկ տղա էր։

— Կոնսիստորի լեզուն ո՞րն է,— զարմացած հարցրեց, Մոմճյանը։

— Կոնսիստորի լեզուն չգիտե՞ք։

— Կոնսիստորի լեզուն ո՞րն է, այդ շատ հետաքրքրական է,— աչքերը մեծ բացած և ծիծաղադեմ հարցրեց օրիորդ Բարյանը։

— Այ, կոնսիստորի լեզուն այս է,— բացատրեց Հակոբյանը,— եթե կամենաք ասել <հրահանգ համամիտ և... մյուս բառն ի՞նչ էր...

—«Համախոհ»,— հիշեցրեց Սարյանը։

— Հա. «... համամիտ և համախոհ կուսակցություն կորզելու հա...

— «Կորզելու» չէ, տո, «կազմելու» ասա,— ուղղեց Մոմճյանը։

— Ներողություն... «կազմելու համար» պետք է ասեք. «Հրահանգ վասն կազմելոյ ի համամիտ և...» ֆու, էլի այն բառը մոռացա։

— «Համախոհ, համախոհ»,— Հիշեցրեց կրկին Սարյանը։

— Հա... «վասն կազմելոյ ի համամիտ և համախոհ կուսակցութիւն»։

— «Ի համամիտ» չէ, այլ «զհամամիտ և զհամախոհ կուսակցություն...»,— ուղղեց Սարյանը։