Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չեն պատճառիլ ինձ, որ ես մի Հերակլես եմ, որ ես Պոսիդոնի զավակն եմ և այլն. տեղն էր ընկել, ինքս ինձ գովում էի, նրանց էլ խոնարհ պարտավորությունն էր ինձ լսել, որրովհետև իրենց շահն էլ այդ էր պահանջում։

Վերջապես հասանք տուն։ Տիկնոջ գլխարկն ու փետուրն անվնաս էին։ Այդ արդեն երերիս էլ ուրախություն պատճառեց։ Հետո պաշտոնապես ծանոթացա պ. Գևորգ և տ. Մաթիլդ Մորիկյանների հետ. այդ էր նրանց անունն ու ազգանունը: Ապա խոստանալով երիտասարդ ամուսիններին երեկոյան թեյին գնալ իրեց մոտ, շտապեցի տուն՝ իմ պոսիդոնական ողողված հագուստներս փոխելու։

Որովհետև, իբրև երիտասարդ, կամենում էի տիկին Մորիկյանի վրա արածս հաճելի տպավորությունը երկար պահպանել, ուստի նրան այցելելուց առաջ ուշադրություն դարձրի իմ արդուզարդի վրա։ Ունեցած լավ շորերս և ամենամաքուր շապիկը հագա, սիրուն փողպատ կապեցի. թանկ գնով գնած, բայց առանց նպատակի գյուղ բերած ձեռնոցներս քաշեցի. և երբ ժամանակը հասավ, սևուկ ու ողորկ գավազանիկս վերցնելով դեպի ծանոթներիս բնակարանը դիմեցի։

Բարձրանալով նրանց փոքրիկ, քառակուսի պատշգամբի վրա, որին հովանավորում էին վերջալույսի շողերով լուսավորված մի շարք ակացիներ, այդտեղ բացված գտա մի սեղան, ձյունափայլ սփռոցով ծածկված, որի վրա եռում էր արդեն ոսկու պես փայլուն ինքնաեռը: Իսկ մաքուր սրբված բաժակները, պնակներում դրած, կարկանդակը, սերը և կարագը վկայում էին, որ այս տան մեջ սպասվող թանկագին հյուրը ես եմ։ Այս բանը, իհարկե, քիչ չգուրգուրեց իմ ինքնասիրությունը։

Երիտասարդ ամուսինները շատ քաղցրությամբ ընդունեցին ինձ՝ հրավիրելով սեղանի պատվավոր կողմը նստելու. իսկ իրենք դիմացե դիմաց տեղ բռնելով՝ սկսան մի քանի ժամ առաջ տեդացող անձրևի պաճառած վնասն ու օգուտը հաշվել։ Հետո գտան, որ օգուտը գերակշռում է վնասին, որովհետև մեր ծանոթությունը օգտի հաշվին էր վերաբերում։