Էջ:Muratsan, vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Մեր խոսակցության միջոցին, սակայն, ամենից առաջ իմ ուշադրությունը գրավող երկու ամուսիների դեպ իրար ունեցած վերին աստիճանի սիրալիր հարաբերությունն էր։

Ես որ բոլորովին նոր հյուր էի դրանց համար և, հետևապես, իրավունք ունեի սպասելու, որ իմ անձնավորությունը դրանցից մինին կամ մյուսին (եթե ինձ հարցնեիք, ավելի տիկին Մաթիլդին) զբաղեցներ փոքր-ինչ, ընդհակառակը, ստիպված էի հանդիսատես լինելու ա՛յն գուրգուրանքին, որ նվիրում էին իրար երկու ամուսինները, ինչ քաղցր ժպիտներ, ի՞նչ խանդակաթ հայացքներ, սիրախոսության որպիսի՜ դարձվածքներ... բոլորովին մնացել էի շվարած և չգիտեի իմ հյուրընկալների անքաղաքավարության վերագրեմ այս վարմունքը, թե՞ նրանց սիրո բուռն զեղումներին։ Եվ, իհարկե, վերջ ի վերջո եկա ա՛յն եզրակացության. որ երիտասարդ բարեկամներս ամուսնական կյանքի անդրանիկ ամսում գտնվելով՝ բնական էր, որ դեռ սիրո զգացմունքներով արբած լինեին և անուշադիր թողնեին պատշաճից այն օրենքը, որ պատվիրում է մեզ սիրո բագինը անտեսանելի պահել միշտ երրորդ անձի աչքերից։

Բայց մյուս կողմից շատ գոհ եղա, որ այս հանգամանքը առիթ տվավ ինձ իմ բարեկամների անցյալին ու սիրահարական պատմությանը, նույնիսկ այդ օրը ծանոթանալու։

Գևորգ Մորիկյանը, ինչպես ինքը պատմեց, յուր ծնողների միակ զավակն էր։ Վերջիններս թեպետ հարուստ չէին, բայց կարողացել էին օգնել նրան առևտրական բարձր ուսումն ավարտելու, որի շնորհիվ և մանավանդ բարեկամների ձեռնտվությամբ, նա օգտավետ գործերի մտնելով կարողացել էր կարճ ժամանակում ոչ միայն մի կլորիկ հարստություն ձեռք բերելու, այլև գնել էր մի համեստ տուն, քաղաքի լավ փողոցներից մեկի վրա։

Այս դրության հասնելուց ետ, հարկավ, խելոք երիտասարդներին պակասում է յուր աշխատանքով ձեռք բերած այդ բարիքներին իշխող մի քնքշիկ տիրուհի։ Եվ ահա՜ պ․ Մորիկյանը խնդրում է հենց յուր նոր տան հարևան մի հարուստ հայի գեղեցիկ աղջկա ձեռքը։