Էջ:Muratsan, vol. 3.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


շրջապատված է այն դարերից ի վեր. ո՛չ. այդ պայմաններն ու հանգամանքները պետք է կերպարանափոխվել կամ ոչնչացել:Բայց հնարավո՞ր է այդ միանգամից անել, ո՛չ, պետք է աստիճանաբար անել, կասեք դուք։ Բայց նոր ժամանակի ոգին հնությունները կերպարանափոխելու դեպքում աստիճանաբար գործելը քնացնող, թմրացնող և կազմալուծող միջոց է համարում։ Նոր Ժամանակի ոգին չի կամենում, որ մեզ նման երիտասարդ ուժերը անգործ ու անօգուտ նստեն` թմրած ժողովրդի արթնանալուն սպասելով: Ահա՛ այս պատճառով է, որ մենք գործում ենք «նպատակը սրբում է միջոցը» նշանաբանի համաձայն:

«Դուք, երևի զարմացաք, որ Ձորաբաշի եկեղեցում հիսուներեք հոգի միաձայն Սոսոյի տղա Ծղալոբին ձայն տվին. այսինքն զարմացաք և գուցե զայրացաք, որ մենք այդ մարդկանց պատրաստել էինք այդ ձևով գործելու։ Դուք պատրաստության այդ ձևը, իհարկե, անվանում եք անազնվություն, խարդախություն և այլն, բայց նոր ժամանակի ոգին այդպես չէ հասկանում։ Նա ասում է՝ մեզ հարկավոր էր, որ Սոսոյի տղա Ծղալոբը Ձորաբաշի եկեղեցում երեցփոխ ընտրվի։ Մինչև որ մենք աստիճանաբար գործելով՝ կհասկացնենք նրա ընտրողներին մեր հեռավոր նպատակների զորությունը և գիտակցաբար գործել կսովորեցնեինք նրանց, տասնյակ տարիներ կանցնեին, Սոսոյի տղան կմեռներ, իսկ ընտրողները կթաղեին նրան։ Բայց նոր ժամանակի հոգվով գործելով՝ մենք ընտրողներին գրավեցինք, ինչ միջոցով և ճանապարհով որ հնարավոր գտանք, նրանց մեր ձեռքի գործիքը դարձրինք և կատարել տվինք ա՛յն, ինչ որ մենք բարի և օգտակար էինք համարում։ Դրա համար հարկավոր չեղան ո՛չ ժամանակի կորուստ, ո՛չ մեծ աշխատություններ, ոչ զոհաբերություններ։

— Բայց մի՞թե մի տգետ, մի ապուշ արհեստավոր երեցփոխ ընտրելով դուք բարի գործ կատարեցիք։

— Եթե հարցը արժանավոր երեցփոխ ընտրելուն է վերաբերում, ո՛չ. արժանավոր երեցփոխ չընտրեցինք, բայց ախար մեզ, նոր ժամանակի գործողներիս, երեցփոխի արժանավոր կամ անարժան լինելը չէ հետաքրքրում. մենք գլուխ չենք ցավեցնում այն բանի համար թե՝ եկեղեցին պայծառ են պահում: