Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոմճյանը մտերմաբար բռնեց յուր դրոշակրի ձեռը և ջերմությամբ սեղմելով բացականչեց։

— Ապրենք և գործենք միասին, ներկան թող մերը լինի, ապագան մեր հաջորդներինը։

Այս հանդիսավոր բացականչությունից հետո աոաջնորդ Մոմճյանը ողջունեց յուր նորընծա դրոշակրին և հեռացավ։

ԺԶ

ԱՆԼՈԻԾԵԼԻ ՀԱՆԳՈԻՅՑԸ ԼՈԻԾՎՈԻՄ է

Անցան մի քանի օրեր։ Վահանը առաջվա պես աշխատում էր «Փնջիկ»֊ի խմբագրատանը, բայց միշտ տխուր և մտախոհ։ Տիկին Մարթայի գուրգուրանքը և օրիորդ Շուշանի սիրապատար ծառայություններն անգամ անկարող էին լինում ցրել ա՛յն վիշտը, որը պատճառել էր նրա քնքուշ սրտին վերջին օրերի հիասթափությունը։ Այն միտքը թե՝ յուր նյութական անապահով վիճակը ստիպում է իրեն դեռ երկար աշխատել յուր չսիրած շրջանում, ավելի ևս տանջում էր նրան։

Այժմ միայն նա խոստովանեց, որ յուր հայրը իրավունք ուներ խորհուրդ տալու իրեն նախ ծառայության մտնել՝ ասելով որ «կարոտությունը ամեն երկրում էլ ճնշում է մարդկանց և նրանց առաջ գնալու ճանապարհները փակում...»։ Թեպետ դեռ ուշ չէր և այժմ էլ նա կարող էր ծառայության մտնել, բայց հորը գրած յուր այն նամակը, որի մեջ պարծենում էր թե՝ «գոհ եմ, որ իմ երիտասարդական անփորձությունը տեղի չտվավ ձեր խոհական փորձառության, հակառակ դեպքում ես տասնյակ տարիներով ետ կմնայի և գործելու գեղեցիկ ասպարեզը փակ կմնար իմ առաջ...», այն խոսքերը թե՝ «ես չսխալվեցա, Թիֆլիս մտնելու երրորդ օրն արդեն իմ առաջ բացվեցավ գործելու ասպարեզ և ընդնմին առաջարկվեց ինձ արդյունավոր պաշտոն և այլն», ստիպում էին Վահանին կրել և համբերել: Ներքին ինքնասիրությունը թույլ չէր տալիս նրան գործով խոստովանել յուր անփորձությունը և այն զղջումը, որին ենթարկվել էր այդքան կարճ միջոցում։