Էջ:Muratsan, vol. 3.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր այս մտքերի մեջ խորասուզված նստած էր Վահանը յուր սենյակում, երբ օրիորդ Շուշանը ներս մտավ ձեռքին մի ծրար։

— Ձեզ մի նամակ եմ բերում,— ասաց նա,— որը անշուշտ կնոջ կամ աղջկա գրած է, եթե ձեր քույրը չլինի գրած, պետք է չարաչար...— օրիորդը չկարողացավ խոսքը ավարտել:

— Ո՞ւր է, տվեք տեսնեմ,— տեղից վեր թռչելով ասաց Վահանը և նամակը գրեթե խլեց օրիորդի ձեռքից:

— Կամաց. ի՞նչ եք շտապում. նամակ ստանալու մեջ է՞լ եռանդ է հարկավոր:

— Եռանդ ամեն բանի մեջ է հարկավոր. բայց այս նամակը... օ՜հ, շնորհակալ եմ, ինչպե՜ս անհամբերությամբ սպասում էի...— ասաց երիտասարդը և գրեթե դողացող ձեռքերով սկսեց ծրարը բանել:

— Ձեր քրոջից չէ՞,— հետաքրքրությամբ հարցրեց Շուշանը։

— Որտեղի՞ց գիտեք, որ աղջկա գրած է,— հարցրեց Վահանը աչքերը նամակի վրայից չհեռացնելով։

— Ծրարի վրա գրածից ճանաչեցի. աղջկա գրած տառերը հատ֊հատ և նիհար են լինում։

— Այո՛, աղջկա գրած է, բայց իմ քրոջից չէ,— ժպտալով պատասխանեց Վահանը և շարունակեց նամակը կարդալ:

— Աղջկա գրած է, բայց ձեր քրոջից չէ՞...— հարցրեց կրկին օրիորդը և մի քայլ առաջանալով սկսեց նախանձոտ աչքերով դիտել նամակը, աշխատելով իմանալ, թե ո՞վ է այն աղջիկը, որ յուր փեսացուին նամակ է գրում։

Փակագծերի մեջ պիտի ասենք, որ վերջին օրերը օրիորդը կատարելապես համոզվել էր, որ Վահանը արդեն յուր սեփականությունն է, թեպետ երիտասարդը քնքուշ ու քաղաքավար հարաբերությունից զատ ուրիշ բանով առիթ չէր տվել օրիորդին այդ սիրելի համոզմունքին գալու։

— Այո՛, աղջկա գրած է...— մեքենայաբար կրկնեց երիտասարդը և շարունակեց ընթերցումը։

— Բայց ո՞վ է այդ աղջիկը, ձեր ազգակա՞նն է։

Երիտասարադը չպատասխանեց. նա զբաղված էր հետաքրքիր ընթերցանությամբ, որից յուր դեմքի գույնը