Էջ:Muratsan, vol. 3.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամենալավ երիտասարդի համար դուք արժանավոր հարսնացու եք: Ես ևս ինձ բախտավոր կհամարեի, եթե ձեզ սիրելու իրավունք ունենայի...

— Իրավո՞ւնք...

— Այո՛։

— Ո՞վ է այդ իրավունքը խլում ձեզանից հարցրեց օրիորդը աչքերը երիտասարդի վրա սևեռելով։

— Նա, ով այս նամակը գրել է ինձ,— պատասխանեց Վահանը ձեռքով ցույց տալով ծոցը, ուր գտնվում էր նամակը։

— Դուք ուրեմն նշանվա՞ծ եք։

— Ոչ. բայց եթե աստված կամենա, կնշանվենք։

— Ո՞վ է այդ աղջիկը,

— Մի ազնիվ հոգի, որ մի օր իմ աշակերտուհին էր։

— Դուք ուրեմն սիրում եք նրան։

— Ես նրան պաշտում եմ. նա իմ սրտի թագուհին է,— եռանդով պատասխանեց երիտասարդը։

— Օհ, մի՛ ասեք այդ բանը, գոնե մի տանջեք ինձ,— վշտահար նկատեց օրիորդը և երեսը շուռ տվավ նրանից։

Վահանը զգաց յուր սխալը, բայց էլ ուղղել չէր կարող։

— Ներեցեք ինձ, օրիորդ, ես ակամա ձեր քնքուշ սիրտը վշտացրի,— ասաց նա:

Շուշանը չպատասխանեց։ Մի քանի րոպե մնաց անխոս և ապա հանկարծ դեպի երիտասարդը դառնալով ասաց.

— Գիտեի՞ք, ես ձեզ չեմ հավատում և կարծում եմ, որ սուտ պատճառաբանությամբ փախուստ եք տալիս ինձանից։ Եթե անկեղծ մարդ եք, հապա, կարդացեք ինձ մոտ այդ նամակը, ձեր հարսնացուն հո այնպիսի գաղտնիքներ չի լինիլ գրած, որը դուք ձեզ սիրող մի աղջկա չկարողանաք հայտնել։

— Ես իմ կյանքում միշտ ատել եմ ստությունը, և այժմ էլ զուտ ճշմարտություն էր խոսածս։ Բայց եթե դուք կասկածում եք, ես կկարդամ այս նամակը, նրա մեջ ծածկելու գաղտնիք չկա. լսեցեք։— Այո ասելով Վահանը ձեոքը ծոցը տարավ և նամակը հանելով սկսեց կարդալ։