Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ազնիվ բարեկամ.

«Ձեր առաջին նամակին մայրս պատասխանեց, երկրորդին ես եմ պատասխանում, ըստ որում նա ինձ հանձնեց այժմ այդ պաշտոնը, առարկելով, որ աչքերի տկարությունը չի ներում իրեն գրությամբ զբաղվել։ Թեպետ ցավ է ինձ համար տեսնել, որ մայրս դեռ առույգ հասակում տեսության տկարություն ունի, այսուամենայնիվ առանձին սիրով պիտի վարեմ այսուհետև ստանձնաձս պաշտոնը, հուսալով, որ դրանով առիթ կունենամ ստիպել Ձեզ հաճախ մեզ հիշելու և նամակ գրելու։

Մայրս յուր նամակում չկամեցավ նկարագրել Ձեզ միայնության այն ծանր տխրությունը, որ պատճառեցիք մեզ Ձեր հեռանալով։ «Չպետք է վատացնել նրա քնքուշ սիրտը»,— ասում էր նա։ Բայց ևս կարծում եմ, որ Ձեզ համար հետաքրքրական կլիներ իմանալ, թե ի՞նչ չափով, արդյոք, զգալի դարձավ մեզ Ձեր բացակայությունը։ Դժբախտաբար մարդկային լեզուն անկարող է լինում շատ անգամ զգացմունքների չափը սահմանելու, և եթե երբեմն կարողանում է, այսուամենայնիվ, չէ վստահանում գրչին հանձնելու։ Ես ևս ավելին չասելու համար այսքանը միայն կնկատեմ, որ Ձեր անջատումը ամեն զրկանքներից ավելի ցավ պատճառեց մեր սրտին։ Ի՞նչ է զգում հարուստը, երբ հանկարծ աղքատանում է, կամ ընկերասեր մարդը, որին փակում են մենավոր խուցում։ Ահա՛, այդ զգացմունքն էր պաշարել և մեզ Ձեր հեռանալուց ետ։ Անձամբ փորձեցինք, թե որքան դժվար է աշխարհում միայնակ մնալ։ Ընկերներ, բարեկամներ, իհարկե, ամեն տեղ կան, բայց սրտի և հոգվո ընկեր, մտքի և գաղափարի բարեկամ որոնել այս քաղաքում՝ փշից խաղող սպասել կնշանակե։ Այդ էր պատճառը, որ դժվարաթյամբ էինք հաշտվում մեր միայնության հետ։

Առանձին հաճությամբ կարդում ենք Ձեր բարեկամ Մոմճյանի մասին գրածներդ, որին սիրում եք Ձեր Մենտորն անվանել։ Երանի՜ Ձեզ, որ ապրում եք այնպիսի հասարակության մեջ, ուր աոաջին քայլափոխում Մոմճյանի նման ազնիվ, լուսամիտ և հայրենասեր երիտասարդին եք հանդիպում.