Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերոբենց Մարթա կասեն. դատարան քարշ կտամ նրան, բանտ կնստացնեմ...

— Կամաց,կամաց մի գոռար, դու նրան ոչինչ էլ չես կարող անել:

— Ոնց թե չեմ կարող անել։

— Իհարկե չես կարող և իրավունք էլ չունես:

Ինչպե՞ս թե իրավունք չունեմ։

— Այնպես էլի՛, իրավունք չունես. նա հո քեզ չէ ասել, թե աղջիկդ պիտի ուզեմ. նա հո քեզ ստորագրություն չէ՞ տվել։

— Մոմճյանը մեռե՞լ է, նրան չէ՞ միջնորդ ղրկել ինձ մոտ, նա՞ չէր որ ամբողջ ժամերով այստեղ նստած յուր գովասանքներն էր անո՞ւմ... Նա չէ՞ր, որ ասում էր թե՝ Սարյանը Մովսիսյանից տասն անգամ ավելի գեղեցիկ, ավելի ուսումնական, ավելի հարուստ է՞... ինչո՞ւ համար էր նա այս խոսքերը ինձ ասում։

— Նրա համար, որ քեզ գլխից հանե։

— Բայց ի՞նչ նպատակով։

— Այն, որ Մովոիսյանին հեռացնես։

— Սխալվում ես, աղջիկս, սխալվում ես. մինչև որ այդ տղան Մոմճյանին խնդրած, աղաչած չլիներ, նա չէր գալ և ինձ չէր ստիպիլ, որ ես Մովսիսյանին հեռացնեմ և դրան բերեմ այստեղ։

— Իսկ ես քեզ ասում եմ, որ Սարյանը իմ մասին ո՛չ Մոմճյանին խնդրել է, ոչ առաջարկություն է արել և ո՛չ էլ մինչև անգամ իմ վերաբերմամբ խոսել է նրա հետ։

— Սխալվում ես. երիտասարդների խորամանկությունը ինձ է հայտնի։ Երևի մի հարուստ տեղից առաջարկություն են արել նրան։ 

— Քեզ ասում եմ, որ նրա նշանածի նամակը ե՛ս կարդացի։

— Այդ նամակը կարող էր սարքած լինել, նա ինձ խաբել չի կարող։ Սպասի՛ր, ինքս կգնամ և կիմանամ։— Այս ասելով տիկին Մարթան պատրաստվեց երիտասարդի մոտ գնալու, բայց Շուշանը նրա առաջը բռնեց։

— Ո՞ւր ես գնում. նրա հետ խոսելու ի նչ ունիս. քեզ ասում եմ, որ այդ տղան այս գործում մեղ չունի։