Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ իմ գիտենալու բանն է, թո՛ղ։

— Ախար ի՞նչ հարկավոր է բանը խայտառակության հասցնել։ Նա ի՞նչ մեղավոր է, որ Մոմճյանի պես խարդախ մարդը նրա մասին գովասանքներ է խոսել, խոստումներ է արել։

— Այդ էլ իմ գիտենալու բանն է, թո՛ղ։

— Չեմ թողնիլ:

— Թո՛ղ ասում եմ, անզգամ, երևի մի խաղ ունի խաղացած, որ արգելում ես ինձ,— բացականչեց տիկին Մարթան բարկությամբ և մի կողմ հրելով աղջկանը՝ դուրս գնաց սենյակից։

— Գնա՛, գնա՛. Սարյանին զոռով փեսա կշինես...— դառն հեգնությամբ նկատեց Շուշանը մոր ետևից։

— Կշինեմ և դու էլ կտեսնես...— սպառնաց տիկինը և արագ քայլերով դիմեց դեպի Սարյանի կացարանը։

ԺԵ

ՆԵՐՔԻՆ ԽՌՈՎՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Այն միջոցին, որ երիտասարդ Սարյանը Աշխենի նամակը համբուրելով ծոցը դրավ և մտածում էր, թե ի՞նչ պատասխան պիտի գրե նրան, սենյակի դուռը բացվեցավ և ներս մտավ տիկին Մարթան այլայլված դեմքով։

Վահանը սկզբում նրա այլայլությունը չնկատելով վեր կացավ տեղից և քաղաքավարությամբ աթոռ առաջարկեց նրան։ Իսկ տիկինը առանց ուշադրություն դարձնելու երիտասարդի այդ ծառայության վրա, ուղղակի խոսել սկսեց, աշխատելով, սակայն հանգիստ պահել իրեն։

— Այս ի՞նչ եք անում, ո՛րդի. մի՞թե կարելի է... ես այդ հույսը չունեի ձեզանից...— լուրջ ու ծանրախոհ եղանակով ասաց նա։

— Ի՞նչ եմ անում, տիկին,— զարմացած հարցրեց Սարյանը։