Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոմճյանը ավելի անպարկեշտ կատակով պատաոխանեց տիկնոջ քնքշությանը։

Երիաասարդ Uարյանը լսեց և տեսավ, ինչ որ պետք էր իրեն թե՛ Մենտոր֊Մոմճյանին կատարելապես ճանաչելու և թե՛ յուր դեմ լարված մեքենայության գաղտնիքը հասկանալու համար: Նա զզվանքով ետ դարձրեց երեսը և ինքն իրեն շշնջաց:

— «Գարշելի արարածներ... չէի կարող հավատալ, թե ընդունակ կլինեիք մինչև այդտեղ ստորանալու...»:

Այս ասելով նա կամացուկ դուրս գնաց նախասենյակից և իջնելով փողոց արագ քայլերով դիմեց դեպի յուր բնակարանը։ Նրա հոգին վրդովված էր և սրտի ամենաքնքուշ զգացումները վիրավորված էին։ Նա հույս ուներ գոնե յուր մենավոր բնակարանում հանգստություն գտնել. բայց հենց որ մոտեցավ նրան, ամբողջ տունը յուր աչքում թվեցավ իթրև մի դժոխք՝ չարության ոգիներով լցված։

Երիտասարդը կանգնեց տան մուտքի առաջ, մեքենայաբար ձեռքն առավ հնչակի դաստակը և սկսեց մտածել՝ «Ո՞ւր և ինչո՛ւ համար եմ մտնում այստեղ։ Չէ՞ որ այս տանը ապրել այլևս չեմ կարող, գնամ գոնե մի կացարան որոնեմ ինձ համար»։— Այս ասելով նա թողեց հնչակը և հեռացավ, բայց ու՞ր էր գնում, ինքն էլ չգիտեր: Անցավ հանդիպակաց փողոցի բոլոր երկարությունը, մտավ շուկան, հասավ մինչև յուր հին իջևանը, տեսավ ամենքին իրենց գործերով զբաղված, իրենց ապրուստի և աղքատության ետևից՝ և տխրությունը սկսեց ճնշել յուր սիրտը։

— «Ինչո՞ւ համար եկա այստեղ, ու՞ր եմ գնում, ի՞նչ եմ կամենում...», մտածեց երիտասարդը: Բայց հանկարծ մտաբերելով, որ կացարան որոնելու նպատակով է եկել այդտեղ, փոքր ինչ ուրախացավ։— «Այո՛ , կացարան, կացարան, պիտի գտնեմ, և այնպիսի տեղ, որ այդ չար ոգիներից հեոու լինեմ...», շշնջաց ինքն իրեն երիտասարդը, բայց մի վայրկյանից հետո մտածելով, որ կացարանի համար անգամ վճարելու փող չունի, ինքն իրենից կարծես, ամաչեց։

— Չէ. ճակատագիրը հալածում է քեզ. մի՛ փախչիր նրա երեսից.— կշտամբեց Վահանը ինքն իրեն.— դարձի՛ր քո բնակարանը