Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այսուամենայնիվ Վահանը չպատասխանեց նրան և մինչև անգամ գլուխը բարձի վրայից չրարձբացրեց։

— Հիվա՞նդ եք,— հարցրեց Շաշյանը,— թև հիվանդ եք, բժիշկ հրավիրենք:

Սարյանը չպատասխանեց։

— Դուք երեկվանից արդեն չեք խոսում, գուցե համրացել եք և չեք զգում,— աչքերը մեծ բանալով հարցրեց խմբագիրը։

Սարյանը ժպտաց։

— Հավատացեք, այդ կարող է պատահել. իմ հայրս, ասում են, ամբողջ մի շաբաթ համրացել էր և ինքը այդ չգիտեր:

— Հետո՞,— հարցրեց Վահանը։

— Հետո մեռավ։

— Մեռնելուց հետո է՞լ չզգաց յուր համրությունը։

— Կարծեմ չի զգացել,— լրջությամբ պատասխանեց խմբագիրը։

Սարյանը սրտանց ծիծաղեց, և այդ ծիծաղը կարծես զվարթացրեց նրան։

— Ուրեմն նյութ կուղարկեք տպարան, այնպես չէ՞,— սիրտ առնելով հարցրեց խմբագիրը։

— Ո՛չ

— Ինչպե՞ս. հապա ի՞նչ անեն գրաշարները:

— Թող էլի հեքիաթներ պատմեն։

— Խնդրում եմ, կատակը թողեցեք. վաղուց ձեզ սպասում է ծառան։

— Այսօր ես պարապել չեմ կարող։

— Բայց երեկ խո պարապել եք։

— Երեկ էլ չեմ պարապել։

— Իսկ անցյա՞լ օրը, անցյալի նախընթա՞ց օրը... վերջապես մի բան կունենաք, տվեք, որ ծառան ձեռնունայն չվերադառնա։

— Թերթի խմբագիրն եք, ինչո՞ւ մի բան էլ դուք չեք պատրաստում։

— Ո՞ւր է, կարողանում ե՞մ. մինչև ձեր գալը էլի վարժոՒթյուններ անում էի. բաներ էի գրում։ Մի անգամ էլ մի ոտանավոր գրեցի, ափսոս որ անիծած Մոմճյանը վեր առավ