Էջ:Muratsan, vol. 3.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Շուշանը, տիկին Մարթան, տան աղախինը և Շաշյանը, որոնք և մեծ դԺվարությամբ ազատեցին Սարյանի ձեռքից խրոխտացող Մովսիսյանին, որին սյունեցի կտրիճը կամենում էր տեղն ու տեղը ջարդել։

Երբ մայր ու աղջիկ դուրս տարան Մովսիսյանին, Սարյանը շտապ-շտապ հագավ վերարկուն, ծածկեց գլխարկը և դուրս գնաց։

Տասը րոպեյեից ետ նա վերադարձավ յուր սենյակը երկու մշեցի մշակների հետ, որոնց և հրամայեց հավաքել յուր իրեղենները և կապկպել։

Շաշյանի հարցին, թե ինչո՞ւ իրեղենները կապում է, նա պատասխանեց՝ տեղափոխվում եմ ավելի ընդարձակ սենյակ, ուր կարողանամ բռունցքներս ազատ շարժել. այստեղ կանայք արգելում են։

Շաշյանը չվիրավորվեց, այլ դուրս վազեց հայտնելու տանտիկնոջը Սարյանի հեռանալու մասին, որպեսզի նա արգելե յուր աշխատակցին։ Վերադառնալուց պատահեց Մոմճյանին, որը եկել էր բացատրություն պահանջելու խմբագրից այն ստորադրությունների մասին, որոնք դրված էին Սարյանի ձեռքով գրած հոդվածների տակ և որոնց խմբագիրը ղրկել էր տպարան շարելու։

Շաշյանը ավելորդ համարեց առայժմ այդ ստորադրությունների մասին խոսել և հայտնեց Մոմճյանին այն ցավալի նորությունը, որ տեղի էր ունեցել Սարյանի սենյակում։

— Ի՞նչ է պատահել, ի՞նչ էր շինում այստեղ Մովսիսյանը,— անհանգստությամբ հարցրեց Մոմճյանը և Շաշյանի հետ միասին մտավ նրա սենյակը։

— Ի՞նչ պիտի պատահեր. իմ գուշակությունը կատարվեց,— պարծեցավ Շաշյանը։

— Ի՞նչ գուշակություն,— հարցրեց Մոմճյանը զարմանալով, որովհետև հավատացած էր, որ Շաշյանը նախատեսելու այնքան շնորհք չունի, որ ապագա գալիքների մասին գուշակություն անե։

— Ես չասացի՞ ձեզ մի օր, թե մենք վառոդը շատ ենք մոտեցրել կրակին։

— Ի՞նչ առիթով էիք ասում, չեմ հիշում։