Jump to content

Էջ:Muratsan, vol. 3.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գնա՛նք, գնա՛նք Մոմճյանի մոտ,— ասաց,— կամ այդ մարդը պետք է յուր բոլոր ասածները հաստատե, կամ թե չէ, ես նրան այս բռունցքներովս պիտի ջարդեմ։

— Երեխայություն մի՛ անիր, Վահան, տեղդ նստիր. ի՞նչ հարկավոր է ամեն խոսածի վրա ուշադրություն դարձնել,— համոզկեր ձայնով խոսելով սկսեց հանգստացնել երիտասարդին շիրաջը։

— Չէ. անկարելի է. այդ մարդը, վերջապես, պիտի հասկանա, որ ամենքին միատեսակ խաբել կամ զրպարտել չի կարող և որ վերջապես կգտնվի մեկը, յուր ստախոս ու զրախոս բերանը կջարդե...

— Իրավունք ունիս, Վահան, իրավունք ունիս. ես էլ քեզ տեղ լինեի, այդպես կվարվեի։ Բայց հետևանքի մասին էլ մտածի՛ր, է ։ Դնենք թե գնացինք նրա մոտ. նա, իհարկե, յուր խոսածները չի հաստատիլ...

— Այն ժամանակ ես նրա գլուխը կջարդեմ...

— Լավ. դնենք թե նրա գլուխն էլ ջարդեցիր, հետո՞.

— Հետո էլ ի՞նչ, դրանով էլ բանը կվերջանա։

— Ներողություն, դրանով բանը չի վերջանա, այլ կսկրսվի։

— Ինչպե՞ս թե կսկսվի։

— Հապա, կսկսվի․ մի՞թե չգիտես. նա էլ հո սուս չի՞ կենալ։

— Նրան սուս կացնելը ինձ վրա թող. ես իմ բռունցքների ուժը ճանաչում եմ. ինձ Սարենց Վահան կասեն... — խրոխտաց երիտասարդը։

— Այդ չեմ ասում, է՜ . մի լսի՛ր, եթե դու նրան ծեծես, նա իսկի չի էլ պատախանիլ քեզ, դրա համար պոլիցիա կա, դատարան կա, դատաստան կա, քեզ կմեղադրեն, բանտ կնստեցնեն, ծնողներդ լսեն ի՞նչ կասեն քեզ։ Առաջին անգամ օտար քաղաք ես եկել, եթե հենց մի շաբաթ բանտ նստես, էլ այնուհետև ո՞վ կմոտենա քեզ, ո՞վ գործ կհանձնե. հետևանքը, որ ասում եմ, ա՛յ սա է։ ճշմարիտ է, դու ուսամնական ես, բայց ինձ չափ փորձված չես. քսան տարի է Թիֆլիսում շիրաջություն եմ անում և շատ չար ու բարի եմ տեսել, ինչ որ ասում եմ, լսի՛ր և չես փոշմանիլ։